Արցախը Հայաստանի վահանն էր։ Այս մասին Աբովյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պատգամավոր, գեներալ Սեյրան Օհանյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն արժեզրկել են երկրի ժամանակակից պատմության բոլոր ձեռքբերումները։ «Հայաստանն ու Արցախը զարգացող միասնական տարածք էին։ Արցախը մեր վահանն էր»,- ընդգծել է գեներալը։
Նա փաստել է, որ ենթակառուցվածքները սկսել են զարգանալ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ «Արցախում ես եղել եմ այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը ղեկավարում էր Արցախյան առաջին գոյապայքարը։ Մենք հաղթել ենք ոչ միայն հմուտ կառավարման, ոչ միայն ռազմավարական գործողությունների, ոչ միայն բանակի արագ ձևավորման, այլ նաև փորձառու անձնավորության անձնական օրինակի շնորհիվ։ Ավտոմատը ձեռքին նա զինվորի կողքին էր, միշտ առաջնագծում էր։ Առաջին ազատամարտի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը և բոլոր պատասխանատու անձանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում էին և բոլորի նման կրում էին զրկանքները։ Հիմա համեմատեք ներկայիս իշխանությունների հետ, որոնք ասում են, թե Արցախը հայկական չի եղել։ Նրանք չե՞ն տեսել 150 հազարբնակիչներին, եկեղեցիները, ճանապարհները, դպրոցներն ու հիվանդանոցները»,- հարցրել է Օհանյանը։
Նա նշել է, որ տեսել են, իհարկե, բայց նախընտրում են իրենց նպատակների համար խեղաթյուրել իրականությունը։ «Մեր ընդհանուր նպատակը նրանց իշխանությունից հեռացնելն է»,- փաստել է Սեյրան Օհանյանը։











