Մեդիամագնատ Ռուփերթ Մերդոքին համարել են «խոշոր միջազգային ընկերություն կառավարելու համար ոչ պիտանի»: Նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի մշակույթի, լրատվամիջոցների, սպորտի հարցերով հանձնաժողովը` լսելով News of the World թերթի աշխատակիցների կողմից հայտնի անձանց հեռախոսազրույցները գաղտնալսելու վերաբերյալ զեկույցը: Թերթը փակվել էր 2011թ-ին` գաղտնալսման շուրջ ծագած սկանդալի արդյունքում:
Զեկույցի համաձայն` 81-ամյա Մերդոքը «միտումնավոր կուրություն» է դրսեւորել չարաշահումների նկատմամբ, որոնք տեղի են ունեցել իրեն պատկանող ընկերությունում: Բացի այդ, ինչպես հայտնել է հանձնաժողովի նախագահ Ջոն Ուիթինգեյլը, հայր եւ որդի Մերդոքների` խորհրդարանում ելույթից հետո, պատգամավորները հակված են կարծել, թե նրանց փորձել են մոլորության մեջ գցել:
Հանձնաժողովի անդամների միջեւ միասնականություն չի եղել զեկույցի հաստատման հարցում: Նրանցից վեցը «կողմ» են քվեարկել, չորսը` «դեմ», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Զեկույցը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:



























