Ներքին թշնամանքը ձեռք է բերել այնպիսի ծայրահեղ դրսևորումներ, որ այլևս զրկել է սթափ մտածելու և վերլուծելու նվազագույն ունակությունից։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել էիրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ահաբեկչության սպառնալիքի ակնհայտ բեմականացված տեսանյութի իրական արժեքը հարկ է գնահատել՝ առնվազն հաշվի առնելով, թե ինչ ժամանակագրության մեջ է այն հայտնվել և ինչպիսի զարգացումների կարող է նպաստել։
Նախ, դրանից ընդամենը օրեր առաջ ՄԱԿ-ում շրջանառության մեջ դրվեց ադբեջանական իշխանության մի բանաձև, որով փորձ է արվում Հայաստանին մեղադրել վարձկանների ներգրավմամբ ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Նկատենք, որ ադրբեջանական մամուլը մի այլ կարգի է վարպետացել հայերեն լեզվով հայատյաց տեսանյութեր պատրաստելու և տարածելու գործում։
Դրան հակադարձելու փոխարեն մեր երկրում անմիջապես հաջորդեցին հիշյալ տեսանյութի առնչությամբ փոխադարձ մեղադրանքները և ընտրությունները չեղարկելու սպառնալիքը։ Իսկ ուժերի հարաբերակցության ներկա իրավիճակում, կարծում եմ, այլ հարցերն ավելորդ են»։
Նշենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մի քանի դիմակավոր անձինք Արցախի բարբառով և վիրավորական բառապաշարով դիմում են Փաշինյանին։ «Նիկոլ, դու պատասխան ես տալու, մենք գիտենք՝ դու որտեղով ես ման գալիս, որ փողոցներով ես անցնում։ Մենք քեզ ջրելու ենք, Նիկոլ»․ ասում է նրանցից մեկը՝ ընթացքում մյուսների ձեռքին, ենթադրաբար, ինքնաձիգներ են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 18–ին, Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ անդրադարձել է հրապարակված տեսանյութին ու կոշտ բառապաշարով հակադարձել․ «Հլը էս փսլինքներին նայի էլի։ Ուրեմն, սենց, մասկեքը հագել են, իբր իրենք ուժեղ տղերք են»։ Փաշինյանը հորդորել է նրանց ինքնակամ ներկայանալ իրավապահներին՝ հավելելով, որ հատ–հատ նրանց գտնելու է և սատկացնելու է։





























