Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ զուգահեռաբար է անում և եթե նա վերընտրվեց, ապա ինքը կսկսի ամեն ինչ՝ Բասարգեչարը, Գյոկչան, Սյունիքն ու Էրիվանը թվել ադրբեջանական անվանումներով։ Այս մասին մայիսի 19-ին իր թիմակցի հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխանությունների կողմից հնչող հայտարարություններն ու հնարավոր տարածքային զիջումները։
Քաղաքական գործիչը փաստել է, որ սահմանազատման պատրվակով գյուղերի հանձնումը միակողմանի զիջումների շղթա է, որը կարող է Հայաստանում դուռ բացել մինչև մեկ միլիոն ադրբեջանցիների վերաբնակեցման ծրագրի իրականացման համար։ Կարապետյանն ընդգծել է, որ իրենց կողմից հնչող ահազանգող հայտարարությունները որևէ կապ չունեն ստանդարտ նախընտրական քարոզչության հետ, այլ թելադրված են իրական մտահոգությամբ, քանի որ իրենք հստակ տեսնում և զգում են իշխանությունների վտանգավոր քայլերը։
Նա պատահական չի համարել Երևանում արտաքին ուժային կենտրոնների ներկայացուցիչների վերջերս կատարած այցերը՝ նշելով, որ դրանց նպատակը Փաշինյանի օգնությամբ՝ «փափուկ ձևով» Հայաստանին տիրանալն է։ Անդրադառնալով նախորդ շաբաթ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ ունեցած իր հանդիպմանը՝ Սամվել Կարապետյանը պարզաբանել է, որ այն կրել է ընկերական բնույթ և չի ունեցել քաղաքական ենթատեքստ։ Նա հայտնել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են ազգային միասնության, ինքնության պահպանման խնդիրները, ինչպես նաև եկեղեցու դեմ սանձազերծված հարձակումները։
Բանախոսն ընդգծել է, որ թե՛ Կաթողիկոսը, թե՛ ինքն այժմ գտնվում են շարունակական ապօրինի ճնշումների ներքո, և հույս է հայտնել, որ այս ամենին շուտով վերջ կտրվի, իսկ «նրանք, ովքեր անում են դա, երջանիկ չեն լինի»։ Մեկնաբանելով երկու օր առաջ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած լրտեսության մեղադրանքները՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը հեգնանքով նկատել է, որ գործադիր իշխանության ղեկավարը տարբեր հայտարարություններ է անում «տարբեր դոզաների տակ»։
Նա ընդգծել է, որ եթե նույնիսկ լրտես է, ապա միայն հայ ժողովրդի լրտեսն է, իսկ Փաշինյանը պարզապես անհանգստացած է, որ ընդդիմությունն ամեն շաբաթ բացահայտում է նրա ապօրինի գործողություններն ու թույլ քայլերը, որոնք երկիրը հասցրել են անդունդի եզրին։ «Ինչ վերաբերում է հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, ապա ավելի լավ է նա կողմնորոշվի, թե քանի երկրի լրտես է ինքը, որոնցից առնվազն երկուսը ոչ բարեկամ երկրներ են»,- եզրափակել է Սամվել Կարապետյանը։











