Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում մայիսի 19-ին տեղի ունեցած նախընտրական քարոզարշավին կազմակերպված խմբերով ներկա են եղել տեղի հիվանդանոցի, քոլեջի, դպրոցի ու մանկապարտեզի աշխատակիցները՝ չնայած նրանց աշխատանքային օրը դեռ չէր ավարտվել։ Նրանք այդ մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել են ինչպես տեսախցիկի առջև, այնպես էլ առանց տեսախցիկի։ Հանդիպման մասնակիցները մեր թղթակցի հետ զրույցում ասել են, որ եկել են ՔՊ–ի քարոզարշավին մասնակցելու, Նիկոլ Փաշինյանին լսելու։ Ոմանք նաև, ըստ երևույթին, ստիպված են եղել արձակուրդ վերցնել՝ հանդիպմանը գալու համար։
Լոռու մարզում տեղի ունեցածն ամենևին էլ եզակի դեպք չէ։ Ընթացիկ նախընտրական արշավի ժամանակ տարբեր բյուջետային կազմակերպությունների աշխատակիցներին պարբերաբար ստիպում են մասնակցել «ՔՊ»-ի միջոցառումներին՝ սպառնալով աշխատանքից ազատել կամ զրկել պարգևավճարներից։ Այս մասին, մասնավորապես, հայտարարել է նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ ուսուցիչներին հենց դասերի ժամանակ «Գազելներով» տանում են հանրահավաքների և չեղարկում դասերը, մինչդեռ ժամանակին Նիկոլ Փաշինյանն ինքն էր խստորեն քննադատում նախկին իշխանություններին նմանատիպ գործելաոճը։
Իրավապաշտպաններն ու լրագրողները նախկինում ևս արձանագրել էին նմանատիպ կոպիտ խախտումներ։ Մասնավորապես՝ NEWS.am–ը մայիսի 13-ին ֆիքսել էր, որ Արագածոտնի մարզում ուսուցիչներին ու աշակերտներին դասերի ժամին զանգվածաբար ներգրավել են իշխող ուժի նախընտրական քարոզարշավին։ Իսկ դպրոցներից մեկի տնօրենն անձամբ էր աշակերտներին «ՔՊ»-ի խորհրդանիշերով շապիկներ բաժանել։
Բերքառատի դպրոցի ուսուցիչներին «Գազել» մակնիշի միկրոավտոբուսով էին տեղափոխել Ծաղկահովիտ համայնք՝ Փաշինյանի քարոզարշավին, իսկ Ապարանում ՔՊ–ի քարոզարշավին մասնակցում էին ոչ միայն տեղի դպրոցների ուսուցիչներն ու աշխատակիցները, այլև հարակից գյուղերի դպրոցների անձնակազմը։
Ուսուցիչներից շատերը NEWS.am–ի տեսախցիկի առաջ խոստովանել են, որ դասերը կրճատել են «Փաշինյանի համար»։ Բեռքարատի վարչական ղեկավարը սկզբում փորձել է հերքել ամեն ինչ, սակայն միայն այնքան ժամանակ, մինչև լրագրողը նրան ցույց է տվել այն տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է դպրոցի տնօրեն Աննա Վարդանյանը հանրահավաքի վերջում նստում հենց այդ նույն «Գազելը», իսկ ուսուցիչները հետևում են նրան։
Հատկանշական է, որ երբ հենց Ապարանում NEWS.am–ի թղթակիցը հարց է ուղղել Փաշինյանին՝ արդյո՞ք նորմալ է, որ դասերի ժամանակ ուսուցիչներն ու աշակերտները եկել են քարոզարշավի, նա հարցն անպատասխան է թողել։ Ավելի ուշ՝ իբր ԶԼՄ-ներից տեղեկանալով սկանդալի մասշտաբների մասին, կառավարության ղեկավարը պահանջել է Արագածոտնի մարզի չորս դպրոցների տնօրեններից ազատման դիմումներ գրել, խոստացել է ներքին հետաքննություն անցկացնել և ամպագորգոռ հայտարարություններ արել, թե վարչական լծակների կիրառմամբ ցանկացած հարկադրանք անհետևանք չի մնա։











