Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն դարձել է քննության ենթակա անձ՝ ազդեցության վաճառքի և այլ հանցագործությունների կասկածանքով՝ COVID-19 համավարակի ընթացքում Վենեսուելայի հետ կապված Plus Ultra ավիաընկերությանը տրամադրված պետական ֆինանսական աջակցության գործի շրջանակում։
Քննությունը վարող դատավորը պարտավորեցրել է Սապատերոյին հունիսի 2-ին ներկայանալ Իսպանիայի Ազգային դատարան (Audiencia Nacional)։ Թեև նախկինում էլ Իսպանիայի նախկին և գործող վարչապետները կանչվել են ցուցմունք տալու կոռուպցիոն գործերով, սա առաջին դեպքն է, երբ կառավարության նախկին ղեկավարը պաշտոնապես գտնվում է քրեական քննության ներքո, գրում է Guardian-ը։
Քննությունը պետական աջակցության գործի մի մասն է՝ 53 միլիոն եվրոյի չափով, որը 2021 թվականի մարտին հատկացվել էր Plus Ultra ավիաընկերությանը։ Դատախազությունը ստուգում է, թե արդյոք այդ միջոցները «անպատշաճ կերպով» չեն օգտագործվել, իսկ հակակոռուպցիոն ոստիկանությունը ուսումնասիրում է վարկածներ, ըստ որոնց գումարները կարող էին օգտագործվել Վենեսուելայի հետ կապված միջոցների լվացման համար՝ Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Իսպանիայի միջոցով։
Դատավորի նյութերի համաձայն՝ Սապատերոն կասկածվում է, որ նա կարող էր ղեկավարել «ազդեցության հիերարխիկ կառուցվածք», որի նպատակը եղել է «տնտեսական շահ ստանալը միջնորդության և պետական մարմինների վրա ազդեցության կիրառման միջոցով՝ երրորդ անձանց, հիմնականում Plus Ultra-ի, շահերից ելնելով»։
Դատարանի հայտարարության մեջ ասվում է, որ դատավորը ոստիկանությանը թույլատրել է խուզարկություններ անցկացնել Սապատերոյի գրասենյակում, ինչպես նաև ևս երեք ընկերությունների տարածքներում։
Սապատերոն ինքը հրապարակել է տեսաուղերձ, որում հայտարարել է իր անմեղության մասին և հայտնել է քննությանը համագործակցելու պատրաստակամություն։
Ավելի վաղ նա սենատում արդեն հայտարարել էր, որ երբեք Plus Ultra-ից միջնորդավճարներ չի ստացել, թեև ընդունել էր, որ խորհրդատվական աշխատանք է կատարել իր ընկերոջ՝ ընկերության հետ կապված գործարարի համար։
Plus Ultra ավիաընկերության ղեկավարությունը սենատում կայացած լսումների ժամանակ պնդել է, որ պետական օգնությունը տրամադրվել է լիովին օրենքին համապատասխան՝ առանց արտոնությունների, խախտումների կամ գաղտնի պայմանավորվածությունների։
Քննությունը տեղի է ունենում նաև կոռուպցիոն մի շարք գործերի ֆոնին, որոնք առնչվում են Իսպանիայի ներկայիս ղեկավարությանը և վարչապետ Պեդրո Սանչեսի մերձավոր շրջանակին, ներառյալ գործերը նրա կնոջ և եղբոր, ինչպես նաև նրա կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։



























