Օկլահոմայում ի կատար են ածել սպանության համար երկու անգամ գերագույն պատժաչափի դատապարտված հանցագործի մահապատիժը` 37 տարի առաջ կատարված սպանության համար:
1975թ. սեպտեմբերին Մայքլ Բասքում Սելսորը հանցակցի հետ Թալսա քաղաքում զինված կողոպուտ է իրականացրել, որի ընթացքում սպանվել է խանութի 55-ամյա սեփականատերը: Հանցագործները վերցրել էին մոտ 500 դոլար եւ թաքնվել Քալիֆորնիայում, որտեղ մեկ շաբաթ անց ձերբակալվել էին:
1976թ. Սելսորը մեղավոր էր ճանաչվել սպանության մեջ եւ դատապարտվել մահապատժի: Մի քանի ամիս անց ԱՄՆ-ի Գերագույն դատարանը ոչ սահմանադրական էր ճանաչել Օկլահոմայի օրենքը մահապատժի մասին, եւ Սելսորի դատավճիռը փոխարինվել էր ցմահ բանտարկությամբ` առանց վաղաժամկետ ազատվելու իրավունքի:
1998-ին Սելսորը բողոքարկել էր վճիռը, նրա նախնական դատավճիռը զրոյացվել էր, եւ նրան կրկին դատել էին: Արրդյունքում նա կրկին դատապարտվել էր մահապատժի, գրում է «Կուրսորը»:
2012թ. ապրիլի 16-ին Օկլահոմա նահանգի վաղաժամկետ ազատման հանձնաժողովը դեմ քվեարկեց Սելսորի մահապատիժը ցմահ բանտարկությամբ փոխարինելուն: ԱՄՆ-ի Գերագույն դատարանը ապրիլի 28-ին հրաժարվեց երկարաձգել մահապատժի իրագործման ժամկետը:
Սելսորի մահապատիժը 2012թ. սկզբից մինչ օրս Օկլահոմա նահանգում երրորդն էր եւ 18-րդը ԱՄՆ տարածքում:



























