ԱՄՆ-ի պետքարտուղարի սպառազինությունների վերահսկողության եւ միջազգային անվտանգության գծով տեղակալ Ռոուզ Գեթմյուլլերը Անկարայում եւ Վիեննայում կքննարկի սպառազինությունների վերահսկողության եւ Ռուսաստանի ՌՀՍ պայմանագրի հարցերը:
ԱՄՆ-ի պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Գեթմյուլլերը մայիսի 1-4-ը կայցելի Անկարա եւ Վիեննա: Այցի ընթացքում նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ կքննարկի մի շարք թեմաներ` միջուկային եւ սովորական սպառազինությունների վերահսկողության հետ կապված, ինչպես նաեւ Վիեննայում ճեպազրույց կանցկացնի ՌՀՍ-ի նոր պայմանագրի կատարման մասին, գրում է «Ռիա Նովոստին»:
ԱՄՆ-ի կողմից ստեղծվող ՀՀՊ համակարգը Ամերիկայի եւ Ռուսաստանի հարաբերությունների խոչընդոտն է, այն նախատեսում է Թուրքիայում ռադարի տեղակայում:
ՌՍՀ-3-ը ստորագրվել է 2010թ. ապրիլի 8-ին եւ ուժի մեջ է մտել 2011թ. փետրվարի 5-ին: Դրա գործողության ժամկետը տասը տարի է: Պայմանագրի դրույթներին համապատասխան` կողմերը միմյանց տվյալներ են տրամադրել ռազմավարական հարձակողական սպառազինությունների վերաբերյալ, այդ թվում եւ միջմայրցամաքային բալիստիկական հրթիռների մեկնարկային հարթակների աշխարհագրական կոորդինատները: Կողմերը տվյալներ են փոխանակել իրենց ռազմավարական հարձակողական սպառազինությունների վերաբերյալ` ամեն տարվա մարտի 1-ի եւ սեպտեմբերի 1-ի կտրվածքով:




























