Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ահաբեկչությունների շարքը պատասխանն էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Աֆղանստան կատարած այցին եւ երկու երկրների իշխանությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությանը: Այս մասին ասվում է թալիբների մամուլի քարտուղար Զաբիուլա Մոջահեդի հայտարարությունում, հաղորդում է AP-ն:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) հայտարարությունը, մայիսի 2-ին Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչություններին առնչություն ունեցած «Թալիբան» շարժման բոլոր գրոհայինները ոչնչացված են: Ընդհանուր առմամբ ոչնչացվել է 5 գրոհային:

Ճշտված տվյալներով, Քաբուլում ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 8, վիրավորվել` 17 մարդ: Պայթյունները տեղի են ունեցել Բարաք Օբամայի մեկնելուց անմիջապես հետո, ով չհայտարարված այց էր կատարել Քաբուլ: Նա բանակցություններ էր վարել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի միջեւ երկկողմ համաձայնագիր կնքել ռազմավարական գործընկերության վերաբերյալ: