Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահելու համար պատրաստ է թափել ժողովրդի արյունը։ Նման կարծիք է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Կարպիս Փաշոյանը՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում հեռարձակվող փոդքաստի եթերում։ Այսօր փոդքաստն անցկացվել է Մարտի 1-ի զոհերի հուշարձանի մոտ, իսկ զրույցի թեման եղել է մարդու իրավունքներն ու քաղաքացու հանդեպ հարգանքը։

Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը նկատել է, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները ռեժիմի կողմից մարդու իրավունքների անտեսման ու ոտնահարման արդյունք են, և նման բան չպետք է կրկնվի։ Այդուհանդերձ, ըստ նրա, իրավիճակն այնպիսին է, որ Մարտի 1-ի արդյունքները կապիտալիզացրած ուժն այսօր անհանդուրժողականություն է դրսևորում այլախոհների նկատմամբ, ինչը վերածվում է բռնության։ Որպես օրինակ՝ նշվել են Սպիտակում տեղի ունեցած միջադեպերը, երբ հրդեհից զոհված զինվորի պապիկին բերանը փակելով հեռացրել էին Փաշինյանի հանրահավաքի վայրից, ինչպես նաև նրա հետ անհամաձայնություն հայտնած կնոջ վրա հարձակումները. օրինակները շատ են։ Մարուքյանը հիշեցրել է, որ ժողովրդի իշխանությունը չի նշանակում անձնական իշխանություն, սակայն Փաշինյանը չի հասկանում, որ ժողովրդի մի մասը չի կիսում իր հայացքները, և չի կարելի մարդկանց բերանը փակել կամ բանտարկել պատռված պլակատի համար, ինչը հանգեցրել է ինքնասպանության։ Այսինքն՝ Մարտի 1-ի արդյունքները կապիտալիզացրած ուժը շարունակում է նույն ոգով և որպես մեծ բարեհաճություն է ներկայացնում այն փաստը, որ մարդկանց չեն սպանում սրճարանների զուգարաններում։

Կարպիս Փաշոյանը նկատել է, որ Փաշինյանն ընդհանրապես հաճախ է փորձում ընդօրինակել Քոչարյանին։ Իշխանության գալով պոպուլիստական կարգախոսներով՝ Փաշինյանը սեր էր խոստովանում քաղաքացիներին, սրտիկներ ցույց տալիս, իսկ հիմա հենց նրանց սպառնում է հաշվեհարդարով։ «Փաշինյանի ռեժիմն ամենամարդատյացն է և ամենաշատն է ատում քաղաքացիներին։ Նախկինները գոնե անկեղծ էին. մարդու իրավունքների մասին հայտարարություններ չէին անում։ Փաշինյանը սրտիկներ է ցույց տալիս ու նվաստացնում քաղաքացիներին, վիրավորում, լկտի վարքագիծ դրսևորում։ Տեսնում եմ իրավիճակի էվոլյուցիան, և հեռանկարն այնպիսին է, որ ամեն ինչ ավարտվելու է արյունով, ու նա պատրաստ է թափել այն՝ իշխանությունը պահելու համար»,- հայտարարել է Փաշոյանը։

Քաղաքական գործիչը նշել է, որ Փաշինյանի իշխանությունը պոպուլիստական է, ունակ չէ որոշումներ կայացնելու, ատում է մարդուն և խախտում նրա իրավունքները։ Նրա խոսքով՝ դրա վառ օրինակն այն է, որ 44-օրյա պատերազմի զոհերի մի մասը քաոսի և որոշումներ կայացնելու անկարողության հետևանք է։ Նույն իրավիճակը եղել է նաև կորոնավիրուսի համավարակի ժամանակ։

Էդմոն Մարուքյանը հավելել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը շարունակում է շահարկել Մարտի 1-ի իրադարձությունները՝ ճիշտ այնպես, ինչպես անում էր 2018 և 2021 թվականներին։ «Այս անգամ էլ նա փորձում է խաբել ժողովրդին Քոչարյանի դեմ իր «պայքարով»։ Քանի՞ անգամ կարելի է մարդկանց վաճառել նույն ապրանքը»,- հարց է բարձրացրել քաղաքական գործիչը՝ հիշեցնելով, որ խորհրդարանի միջոցով խախտումներով իրականացված սահմանադրական փոփոխություններից հետո հենց Փաշինյանի նշանակած ՍԴ դատավորներն են արդարացրել Ռոբերտ Քոչարյանին։ Քաղաքական գործչի խոսքով՝ եթե Փաշինյանն ընտրվի երրորդ անգամ և մտադրվի ընտրվել նաև չորրորդ անգամ, նորից հնչելու են Մարտի 1-ի իրադարձությունների մասին ելույթները։

Կարպիս Փաշոյանն ընդգծել է, որ նրանք, ովքեր դիվիդենտներ են ստացել Մարտի 1-ի իրադարձություններից, իրավունք չունեն խոսել դրանց մասին, սակայն այսուհետ ՀՀ քաղաքացու արյուն չի թափվելու։ Մարուքյանը համաձայնել է, որ երկրում այլևս չի կարող լինել բռնություն քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաև պետք է ձևավորել ճշմարտության հանձնաժողով, մարդկանց ցույց տալ ճշմարտությունը, անվանել մեղավորներին և երաշխավորել, որ այսուհետ հաշվեհարդարներ չեն լինի, իսկ դատարաններն ու իրավապահները կգործեն հանուն ժողովրդի շահերի։

Կարպիս Փաշոյանը վարչապետին կոչ է արել այնպես չանել, որ որոշ ժամանակ անց Երևանում հայտնվի ժողովրդի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հաշվեհարդարի զոհերի հուշարձան։ Նրա խոսքով՝ երբ մարդն ունի բացարձակ ու անվերահսկելի իշխանություն, որը սահմանափակված չէ խորհրդարանով ու դատարանով, այդպիսի իշխանությունն ընդունակ է ամեն ինչի։ Փաշինյանի իշխանությունը բացարձակ է, և չկա մեկը, ով կկանգնեցնի նրան։ Եթե քայլեր չձեռնարկվեն, դա մի օր կարող է արյունահեղության հանգեցնել, եզրափակել է Փաշոյանը։