Ուկրաինայի հատուկ ծառայությունները հակված են Դնեպրոպետրովսկի ահաբեկչությունների «քրեական» վարկածին. հնարավոր է, ռումբերն օգտագործել են ազդեցության ոլորտների վերաբաշխման համար:
«Քաղաքում պայքար է տեղական բիզնես-խմբավորումների միջեւ, որոնք առայսօր կապված են քրեական աշխարհի հետ: Երկու շաբաթ առաջ պայթյունի արդյունքում զոհվել էր ազդեցիկ գործարար Գենադի Ակսելրոդը: Բոլոր հիմքերը կան պնդելու, որ ահաբեկչությունները ոչ մի կերպ կապված չեն քաղաքականության հետ», - «Ռոսիյսկայա գազետա» թերթին բացատրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության Դնեպրոպետրովսկի վարչության աղբյուրը:
«Մոսկովսկի կոմսոմոլեցը» գրում է, որ պայթյունները կապում են երկու խմբավորումների միջեւ «մեծ վերաբաշխման» հետ. առաջինի տակ նկատի ունեն Դնեպրոպետրովսկից Վիկտոր Պինչուկին, Իգոր Կոլոմոյսկիին եւ Գենադի Բոգոլյուբովին, երկրորդում` Ռինատ Ահմետովի մարդկանց: Բոլորն ընդգրկված են Forbes -ի միլիարդատերերի ցուցակում:
Բայց ուկրաինական լրատվամիջոցներում եւ բլոգներում քննարկվում է նաեւ ողբերգության քաղաքական ենթատեքստը. պայթյունները որոտացել են նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի շուրջ ծավալված սկանդալի պայմաններում եւ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունից առաջ, որը քաղաքական որոշ գործիչներ բոյկոտելու փորձ են անում: Սակայն ՈՒԱԾ-ի նախագահի տեղակալ Վլադիմիր Ռոկիտսկին հավաստիացնում է, որ ոչ մի քաղաքականություն այդտեղ չկա: «Կասկածում եմ, որ քաղաքական ինչ-որ ուժ կարող է մասնակցել նման գործողությունների, քանի որ կա Աստված, որը նման բաները չի ներում», - ասել է նա:
Ապրիլի 27-ին Դնեպրոպետրովսկի կենտրոնում պայթյունների շարք է որոտացել: Ոչ ոք չի զոհվել, բայց 29 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, 26-ին տեղափոխել են հիվանդանոց, այդ թվում` 10 երեխաների: Այօրվա դրությամբ հիվանդանոցում 14 մարդ կա: Տարեց մի կին շատ ծանր վիճակում է: Նրա կողակցի ձեռքը կտրվել է, բայց նա արդեն առանց կողմնակի օգնության տեղաշարժվում է:


























