Գործող վարչապետը պետական գործիչ չէ, այլ ընդամենը լայնամասշտաբ մանիպուլյատոր ու դեմագոգ, որն այսօր ցինիկաբար խաղարկում է «գերտերության հանդեպ հարգանքի» խաղաքարտը՝ բացառապես առաջիկա ընտրություններում ձայներ կորզելու համար։ Մայիսի 20-ին «Facebook» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված տեսաուղերձում այս մասին հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Իր ուղերձը ձայնագրելով դեպի Արմավիր տանող ճանապարհին՝ քաղաքական գործիչը մանրամասն մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության վերջին կտրուկ փոփոխությունները, որը հանկարծ սկսել է հայտարարել Վլադիմիր Պուտինի ու Ռուսաստանի հետ «հրաշալի և ջերմ» հարաբերությունների մասին՝ կոչ անելով վերջինիս վերաբերվել ամենայն հարգանքով։ Զուրաբյանը համաձայնել է այն մտքի հետ, որ գերտերությունների հետ հարաբերությունները իսկապես պետք է լինեն խորապես հաշվարկված, հավասարակշռված ու հարգալից, սակայն հարց է բարձրացրել, թե ինչու Կառավարության գործող ղեկավարն այդ տարրական ճշմարտությունները չէր հասկանում նախկինում։
Ընդդիմադիր գործիչը հիշեցրել է, որ 2019 թվականին, երբ Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համատեղ, առաջարկել էր կարգավորման փուլային պլան, որը հայկական կողմին թույլ էր տալիս պահպանել Լեռնային Ղարաբաղի, Լաչինի և Քարվաճառի նկատմամբ բերահսկողությունը՝ հինգ շրջանները վերադարձնելու դիմաց, Փաշինյանը կատարյալ մեծամտություն է դրսևորել։ Արհամարհելով Մինսկի խմբի համանախագահների առաջարկը՝ նա մեկնել է Ստեփանակերտ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» կարգախոսով, ինչով լիովին կործանել է ադրբեջանական ագրեսիան զսպելու միջազգային մեխանիզմը։
ՀԱԿ փոխնախագահն ընդգծել է, որ այդ ժամանակահատվածում իշխող թիմի ներկայացուցիչներն իրենց թույլ էին տալիս բոլորովին այլ բնույթի հարձակումներ իրականացնել դաշնակցի հասցեին՝ հիշեցնելով խորհրդարանի այն ժամանակվա խոսնակ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որը սոցիալական ցանցերում գրել էր, թե Հայաստանին պետք չեն ռուս խաղաղապահները, քանի որ նա «ինքն իր խաղաղապահն է»։ Լևոն Զուրաբյանի գնահատմամբ՝ աշխարհաքաղաքականության օրենքների նույնպիսի կործանարար չիմացություն է դրսևորվել նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո, երբ Փաշինյանը խախտել էր պայմանավորվածությունների հավասարակշռված սկզբունքները, որոնք երաշխավորում էին Ղարաբաղի հետ Լաչինի միջանցքով իրականացվող կապը։
Ընդդիմադիր գործչի գնահատմամբ՝ գերտերության միջնորդությամբ ձեռք բերված խաղաղության հանդեպ այդ անհարգալից վերաբերմունքի արդյունքը եղել է Լեռնային Ղարաբաղի կատարյալ կորուստը, ընդ որում՝ Հայաստանը միևնույն է հանգել է Մեղրիում իր սուվերենությունը սահմանափակելու անհրաժեշտությանը, բայց արդեն բոլորովին այլ արտաքին ուժերի հովանու ներքո։ Քաղաքական գործիչը քաղաքացիների ուշադրությունն է հրավիրել նաև վարչապետի ընտանեկան «Հայկական ժամանակ» թերթում «հավաստի աղբյուրի» անունից արված հրապարակումներին, որոնց հեղինակն ակնհայտորեն հենց ինքը՝ Փաշինյանն էր, և որտեղ հայ հասարակությանը երկար ու համառորեն ներշնչել են, թե Ռուսաստանը թշնամական պետություն է, որը ձգտում է կլանել Հայաստանի անկախությունը։
Լևոն Զուրաբյանը նշել է, որ ողջ պետական քարոզչամեքենան օրեցօր զբաղված եղելր հակառուսական տրամադրություններ սերմանելով, իսկ այսօր «ռեժիմի ղեկավարը փորձում է իրեն ներկայացնել որպես նուրբ դիվանագետ»։ Ընդգծելով, որ նման վարքագծի հետևում թաքնված է սովորական նախընտրական կեղծիքն ու դեմագոգիան՝ ՀԱԿ փոխնախագահը ընտրողներին կոչ է արել չտրվել մանիպուլյացիաներին և հունիսի 7-ին համախմբված գնալ ընտրատեղամասեր՝ «երկրի գլխավոր ստախոսին վերջնականապես մերժելու համար»։











