Բեռլինում ձախ հայացքներ կրող երիտասարդների մայիսմեկյան խաղաղ երթը մայիսի 1-ի երեկոյան վերաճել է զանգվածային անկարգությունների եւ ոստիկանության հետ բախումների: Անկարգությունների ընթացքում տուժել է 31 ոստիկան, հաղորդում է Berliner Kurier պարբերականը:
Կարգուկանոնը խանգարողներից մի քանիսը ձերբակալվել են: Ոստիկանությունը դեռ չի հայտնում տուժածների եւ ձերբակալվածների ճշգրիտ թիվը:
Ինչպես հաղորդում է Newsland-ը, մայիսի 1-ի երեկոյան տեղի ունեցած երթը սկիզբ է առել «թուրքական» Կրոյցբերգ թաղամասից:
Երթին մասնակցել է մի քանի տասնյակ հազար մարդ: Կազմակերպիչները նախատեսել էին երթն ավարտել քաղաքի կենտրոնում, սակայն ոստիկանությունը դա թույլ չի տվել: Արդյունքում երիտասարդների բազմությունը մոտեցել է քաղաքի կենտրոնին եւ տարերային հանրահավաք անցկացրել: Ակցիայի մասնակիցները այրել են աղբարկղեր, կոտրել են ոստիկանական կրպակի ապակիները: Ոստիկանությունը շրջափակել է հավաքվածներին, որին ի պատասխան նրանց ուղղությամբ շշեր են նետվել:


























