Այս կառավարությունը ստեղծում է մի իրավիճակ, որում ՀՀ անվտանգությունը պետք է կախված լինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։ Եթե կարծում եք, թե նա գիշեր-ցերեկ մեր անվտանգության մասին է մտածում, ապա դուք սխալվում եք։ Այս մասին Քասախի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Քաղաքական գործիչն անդրադարձավ բնակչությանը հուզող խնդիրներին՝ դպրոցների ու անձնագրային բաժինների փակմանը, և խոստացավ չեղարկել բոլոր այն քայլերը, որոնք ամեն քայլափոխի անհարմարություններ են ստեղծում մարդկանց համար։ Քոչարյանն ընդգծել է, որ «Հայաստան» դաշինքի հիմնական թեզերից մեկն անվտանգությունն է. «Անվտանգությունը պետք է երաշխավորված լինի։ Կառավարությունը ստեղծում է մի իրավիճակ, երբ երկրի անվտանգությունը կախված է լինելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։ Եթե կարծում եք, թե նա չի քնում և գիշեր-ցերեկ մտածում է մեր անվտանգության մասին, ապա խստագույնս սխալվում են»։ Նա նաև նշել է, որ երբ մարդիկ քննադատությամբ են մոտենում Փաշինյանին, վերջինս կարծում է, թե իրենք են ուղարկել այդ մարդկանց, մինչդեռ դա այդպես չէ։ «Ով քվեարկում է Նիկոլի համար, քվեարկում է Ալիևի համար»,- հայտարարել է Քոչարյանը՝ հավելելով, որ Փաշինյանն իր շուրջն է հավաքում իր նմաններին՝ դրանով իսկ ստեղծելով բացասական մթնոլորտ։
Քոչարյանը դրական է գնահատել ընթացող նախընտրական քարոզարշավի արդյունքները, սակայն բացասական է արտահայտվել «ՔՊ»-ի գործելաոճի մասին՝ ընդգծելով իրավիճակի արհեստական սրումը, սպառնալիքներն ու վարչական ռեսուրսի կիրառումը։
Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, ապա քաղաքական գործիչն արձանագրել է հետաքրքրության և դրական վերաբերմունքի հստակ աճ։











