Առաջիկա խորհրդարանական ընտրությունները խիստ տարբերվում են նախորդ ընտրություններից, քանի որ բոլոր առաջադրված քաղաքական ուժերն, իրականում, գիտակցում են, որ շատ լուրջ պայքար է ընթանալու եւ շատ լուրջ իրավիճակ է երկրում ստեղծվում: Այս մասին, այսօր` մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, որ առաջադրվել է ՀԱԿ-ի համամասնական ցուցակով:
Նրա խոսքով, ժողովրդի տրամադրվածությունը հակասական է, քանի որ ժողովուրդն ապատիայի մեջ է, որովհետեւ իր ձայնը ոչ մի դեպքում վճռորոշ չի եղել: Այս դեպքում, ըստ Լ. Սարգսյանի, ՀԱԿ-ի խնդիրն է ժողվրդին բերել այն համոզման, որ ինքն է որոշում ընտրությունների վերջնական արդյունքը: «Ժողովուրդը պետք է գիտակցի, որ սա շրջադարձային ընտրություններ են լինելու, որտեղ ինքը որոշելու է` գողականներո՞վ ԱԺ է ուզում ունենալ, ովքեր կոճակ են սեղմում, թե՞ կլինեն մարդիկ, ովքեր ԱԺ-ում կներկայացնեն ժողովրդի շահերը: Մեր առաջնային խնդիրն է ՀՀԿ-ին զրկել մենաշնորհից: Եթե լինեն քաղաքական ուժեր, որոնց հետ կունենանք հնարավորություն մեծամասնություն կազմել ԱԺ-ում, կկազմենք»,- ավելացրեց Լյուդմիլա Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ համգործակցությանը, նա ասաց, որ իրենց շահերը ընտրությունների վերահսկման միասնական շտաբի ստեղծման շուրջ է համընկել:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի



























