Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 12-րդ դատարանում «Վանդակ գործողությունների ծրագիր» գործով հերթական դատավարության ժամանակ ամբաստանյալներից մեկի փաստաբան Հուսեյն Էրսոզը զարմացրել է դատարանին եւ սրահում ներկա գտնվողներին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ դատական նիստին վկաներին լսելուց հետո դատարանից խոսք է խնդրել փաստաբան Հուսեյն Էրսոզը՝ ամուսնության առաջարկություն անելով դատական նիստին հետեւող CNNturk-ի թղթակից Յեշիմ Քամին։ «Փաստաբանի համար միակ տեղը, որտեղ նա կարողանում է ազատ ու հանգիստ արտահայտվել, դատարաններն են։ Սակայն այս անգամ ոչ թե դատարանից եմ բան պահանջում, այլ մեկ ուրիշից։ Պարոն դատավոր, Ձեր թույլտվությամբ այս պահին դատարանի սրահում գտնվող CNNturk-ի թղթակից Յեշիմ Քամին ամուսնության առաջարկություն եմ անում»,-ասել է փաստաբանը։

Փաստաբանի այս խոսքերից հետո դատարանում գտնվողները մի պահ քարացել են զարմանքից, որից հետո սկսել են ծափահարել։  Ամուսնության առաջարկություն ստացած CNNturk-ի թղթակիցն ուրախությունից արտասվել է։ Նա նշել է, թե իր համար անսպասելի էր նման ձեւով ամուսնության առաջարկությունը։

Դատարանի նախագահը հայտարարել է, որ փաստաբանի պահանջն ընդունվել է, որից հետո ընդմիջում է հայտարարվել։