Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու պահանջն ի սկզբանե ներառված չի եղել փաստաթղթերում, ինչը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը նույնիսկ չի էլ մտածում երկարատև խաղաղության մասին։ Այս մասին նախընտրական քարոզարշավի շրջանակում Սահմանադրական դատարանի մոտ իրականացվող ակցիայի ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Կարպիս Փաշոյանը։

Նրա խոսքով՝ եթե Հայաստանը կատարի այս պահանջը, կհայտնվի նորը, օրինակ՝ «անկլավների» հարցը, մանավանդ որ Google-քարտեզներում արդեն մեկ տարի է, ինչ Արծվաշենը նշված է որպես Հայաստանի կազմում չգտնվող տարածք, իսկ Տիգրանաշենը «վերանվանվել» է Քյարքի և «ներառվել» հարևան երկրի տարածքում։

Նման գործընթացների հետևանքով Հայաստանը կհայտնվի մի փոսում, որից դուրս գալն անհնար կլինի, իսկ Փաշինյանի գործողությունները միայն վատթարացնում են վիճակը։ «Սահմանադրական դատարանը պետք է կանխեր Հայաստանի պետականության դեմ ուղղված այս դիվերսիան, և ըստ էության արեց դա՝ արձանագրելով, որ Անկախության հռչակագիրը տարածքային պահանջներ չի պարունակում։ Սակայն Ալիևն ու Փաշինյանը շարունակում են «քննարկել» դա», — նկատել է Փաշոյանը։

Նա հավելել է, որ ըստ Փաշինյանի պատկերացման՝ իր ընտրողները «ժողովուրդն» են և կարող են անել այն ամենը, ինչ ցանկանան։ «Օրինակ՝ ուզեն մեզ ուտել՝ կարող են ուտել, ուզեն գործարարի գույքը խլել՝ կարող են խլել», — նշել է քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ իշխանությունը, նույնիսկ ժողովրդական լինելու դեպքում, չի կարող լինել բացարձակ և պետք է սահմանափակվի օրենքներով։ Փաշոյանի համոզմամբ՝ ինչպես հայտնի է, հեղափոխությունը խժռում է իր զավակներին, իսկ պետական անսպառ ռեսուրսը կարող է գայթակղել ցանկացածին։