Ամերիկացի ուսանողը մտադիր է դատի տալ ԱՄՆ-ի թմրամիջոցների դեմ պայքարի դաշնային վարչության (DEA) աշխատակիցներին, ովքեր իրեն 5 օր մոռացել են ժամանակավոր պահման մեկուսարանում:
Քալիֆորնիայի համալսարանի ուսանող Դանիել Չոնգը DEA-ի կողմից ձերբակալվել է ապրիլի 21-ին` թմրամիջոցների առեւտրով զբաղվողների դեմ ուղղված գործողության ժամանակ, հաղորդում է «ՌԱՊՍԻ»-ն` վկայակոչելով U-T San-Diego թերթը:
Քիրնի Մեսա քաղաքի ոստիկանական բաժանմունք հետաքննչական ստուգումից հետո DEA-ի աշխատակիցները հայտարարել են, որ Չոնգը կապ չունի որեւէ հանցագործության հետ եւ շուտով ազատ կարձակվի: Հարցաքննության սենյակից նրան տեղափոխել են մենախուց, որտեղ պետք է սպասեր իր պաշտոնական ազատ արձակմանը, սակայն նրան այդտեղ մոռացել են:
Չոնգը 5 օր շարունակ մնացել է 1,5 մետր լայնություն եւ 3 մետր երկարություն ունեցող խցում, որը չի ունեցել պատուհան եւ զուգարան: Այդ ընթացքում նրան ոչ ոք ուտելիք չի տվել: Չոնգը նշել է, որ ինքը գոռացել է, հարվածել դռանը, որպեսզի ուշադրություն հրավիրի, բայց ոչ ոք չի եկել: Նա ստիպված է եղել խմել իր մեզը:
Ուժասպառ եղած Չոնգին խցում հայտնաբերել են միայն ապրիլի 25-ին եւ անմիջապես տեղափոխել հիվանդանոց: Բժիշկների խոսքով, Չոնգի օրգանիզմը հյութաքամ է եղել, արձանագրվել է թոքի վնասում, ինչը, երեւի, ակնոցների կոտրված ապակիները կուլ տալու հետեւանք է:
Չոնգի փաստաբանը հայտնել է, որ իր հաճախորդը մտադիր է դատի տալ դաշնային իշխանություններին:


























