Ոստիկանը, դատախազը, իրավապահ մարմնի ներկայացուցիչը Հանրապետական կուսակցության ենթական չեն: Այս մասին այսօր` մայիսի 2-ին, Հրազդանում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ ղեկավար, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Նրանք բոլորը Հայաստանի ժողովրդին ծառայողներն են: Ուսադիրն ու զենքը ծառայում են ժողովրդին, եւ ոչ թե ինչ-որ նեղ շրջանակի շահերին:
Եկե՛ք միասին ամրապնդենք այդ մարմինների անկախությունը ու կարողությունները, որպեսզի նրանք պաշտպան լինեն բոլորիս:
Եկե՛ք միասին սահմանենք աչալուրջ վերահսկողություն այդ մարմինների նկատմամբ՝ մեր ամբողջ քաղաքացիական հասարակությամբ:
Վերջիվերջո, իշխանություն ունեցող կուսակցությունները գալու են եւ գնալու են, իսկ այդ մարմինները պիտի լինեն մեր անդորրը պահպանող հաստատությունները:
Այդ կառույցները պետք է երբեք կախված չլինեն կուսակցությունների քմահաճույքից»,- ասել է ՀՀԿ նախագահը, հավելելով. «Այդ կառույցները պետք է հաջորդ օրը պաշտպանեն ընդդիմադիր դարձած նախորդ օրվա իշխող կուսակցություններին եւս»:




























