Երեւանի քաղաքապետարանում հայտարարում են, որ մտադիր չեն ամբողջովին հրաժարվել եղեւնիներ տնկելուց:
Պատասխանելով NEWS.am-ի լրագրողի հարցին, թե արդյոք եղեւնիների տնկման հետ կապված կանաչապատման խնդիրներ կա՞ն, մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայության պետ Արթուր Գեւորգյանը խոստովանեց, որ եղեւնիներն, իրոք, դժվարությամբ են կպչում: Այդ կապակցությամբ, տվյալ տեսակի տնկումը սահմանափակ է: «Սակայն դա չի նշանակում, որ մենք ամբողջությամբ կհրաժարվենք մեր քաղաքը եղեւնիներով զարդարելուց: Պարզապես անհրաժեշտ է ապահովել ծառերի անհրաժեշտ խնամքը», - նշել է մամուլի ծառայության պետը: Երեւանում տնկվող ամենահիմնական ծառատեսակը ծանր մետաղներ կլանող թույնն է:
Ըստ Գեւորգյանի` ընթացիկ տարում ծրագրվում է նախորդ տարվանից կրկնակի շատ ծառ տնկել: «Սակայն առանց ոռոգման ապահովման ծառեր տնկելն անիմաստ է», - հիշեցրել է Արթուր Գեւորգյանը: Այդ նպատակով ընթացիկ տարում նախատեսվում է կառուցել 16 կմ երկարությամբ ոռոգման նոր համակարգեր:
Զուգահեռաբար մայրաքաղաքում շարունակվում է ծառերի հաշվառման գործընթացը: «Դա բավականին երկար գործընթաց է, եւ նրա ավարտման որոշակի ժամկետների մասին դեռեւս չենք կարող խոսել», - նշել է Գեւորգյանը: պատասխանելով «Փարոս» այգու հետ կապված իրադրության մասին հարցին` քաղաքապետարանի մամուլի ծառայության պետը նշել է, որ այստեղ եւս շարունակվում է ծառատնկման եւ ոռոգման համակարգի ապահովման գործընթացը: Ինչ վերաբերում է այգու չխնամվածությանը, ապա Գեւորգյանը նշել է, որ բարեկարգման գործընթացը դեռեւս գտնվում է առաջին փուլում, եւ հետագա փուլերի ավարտվելուն պես այն կդառնա Երեւանի «կանաչ թոքերի» մի մասը:




























