«Ժառանգությունը» գիտի, որ գտնվում է անհավասար մրցակցային դաշտում, քանի որ պետական շենքերը, գյուղապետարանները, դպրոցներն ու մշակութային տներն օգտագործվում են իշխող ուժերի կուսակցային նպատակների համար: Այս մասին այսօր` մայիսի 2-ին, Վանաձորում կայացած մամուլի ասուլիսում նշել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, հավելելով, որ իրենք դատապարտում են այդ ամենը:

Հարցին, թե ընտրություններին մասնակցող մյուս 8 քաղաքական ուժերից որին է լուրջ մրցակից համարում, «Ժառանգության» առաջնորդը նշել է, որ բոլորն էլ մրցակից են, բայց առաջին հերթին իշխող կոալիցիան, որը դեռ ուժի մեջ է:

«Այդ կոալիցիան է, որը պետք է փոխվի այս ընտրությունների միջոցով, բայց ես վստահ եմ, որ «Ժառանգությունն» իր առաջատարությունը կունենա»,-ասել է նա:

«Եթե 20 տարվա ընթացքում առաջին անգամ իշխանությունը փոխվի ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով եւ ունենանք 20 տարվա ընթացքում ժողովրդավարական առաջին ընտրությունն ու իշխանության փոխանցումը, այդ դեպքում, արդեն որպես մեծամասնություն կազմող ուժ «Ժառանգությունը» կհամագործակցի նոր ընդդիմության հետ»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը: