Տալիս եմ երաշխիքներ, որ մեր իշխանության օրոք նման բան չի լինի։ Այս մասին, այսօր՝ մայիսի 22–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, ՔՊ ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե տալի՞ս է երաշխիքներ, որ 300 ադրբեջանցիներ չեն վերադառնալու Հայաստան։
Սուտ է դա, ես ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է, Ղարաբաղի հարցը չի շարունակվելու, վերադարձի թեման Ղարաբաղ չի լինելու, վերադարձի թեմա Նախիջևան չի լինելու, վերադարձի թեմա Բաքու չի լինելու, վերադարձի թեմա Սումգայիթ չի լինելու, վերադարձի թեմա Կիրովաբադ չի լինելու, վերադարձի թեմա Եվլախ չի լինելու, վերադարձի թեմա Գետաշեն չի լինելու և այլն։ Այո, երաշխավորում է, դա անհեթեթ թեմա է, դա կոնֆլիկտի թեմա է, դա խաղաղության թեմա չի։
Դուք ասեցիք՝ դա քարոզարշավի հիմնական թեմաներից մեկն է, ինձ համար դա նորություն է։ Կրկին՝ սուտ է և երաշխավորում է»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ ինքն արձակուրդում է՝ ինչպե՞ս կարող է մանրամասներով տեղյակ լինել իրավապահ մարմինների աշխատանքներից, Փաշինյանն ասաց. «Լավ ես արձակուրդի մեջ եմ, ուրեմն ինչի՞ եք ինձ հարցնում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին, ես էլ կարամ ասեմ՝ ես արձակուրդի մեջ եմ, ես տեղյալ չեմ ինչ է կատարվում ընդհանրապես։ Այսինքն, հասկացանք, որ արձակուրդի մեջ են, բայց վարչապետն են, չէ, հիմա Հայաստանի Հանրապետությունը վարչապետ ունի, թե չունի, բնականաբար, ասենք, ինձ ամեն օր զեկուցվում է իրադրությունը, բայց տեղյակ չլինե՞մ»։
Ինչ վերաբերում է հոլովակին, որտեղ դիմակավորված ու զինված անձինք սպառնում են վարչապետին, Փաշինյանն ասաց. «Ես կարծում եմ՝ մենք անձանց շրջանակը պարզաբանել ենք մոտավոր, և ըստ էության այն անձինք, որոնք մենք կարծում ենք, որ այդ տեսանյութի մեջ են, իրենք 2024 թվականից Հայաստանում չեն։ Սա օպերատիվ տեղեկություն է, որովհետև մենք ապացույց չունենք։ Մենք անուն-ազգանուններ ունենք։ Նախկինում, մեծ հավանականությամբ, նրանք այլ գործերով մեր հետաքրքրության տիրույթում են եղել։ Մասնավորապես հնարավոր է ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն իրենք»։
Փաշինյանն անդրադարձավ նաև իր ոչ հարիր բառապաշարին. «Ամեն ինչ սահման ունի։ Ես օգտագործել եմ էն բառապաշարը, որն իմ դեմ են օգտագործել։ Այդ հարցի լուծումը մեկն է՝ «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստան» դաշինք ուժերը պետք է խորհրդարանը չանցնեն ուղղակի, և դա շատ իրատեսական խնդիր է։ Այդ մարդիկ փաստարկ չունեն, էլի անընդհատ ինչ-որ բաներ են խոսելու, և կարելի է մի անգամ, երկու անգամ, երեք անգամ, 10 անգամ, 20 անգամ, 100 անգամ, բայց, դա չի կարող հավերժ շարունակվի։ Այդ դոզան էլի կուտակվելու է և հակադարձվելու է։
Դուք կարող եք շատ կրթված լինել, շատ կոռեկտ լինել, ձեզ համար ունենաք էթիկայի որոշի կանոններ, բայց մի X պահ կա, որ ասեք՝ լավ հասկացանք էս աշխարհում մենակ ես ունե՞մ էթիկայի կանոնագիրք»։











