Մաշտոցի պուրակում կրպակների հարցը պետք է այնպես լուծել, որպեսզի հետո էլ դրանց սեփականատերերը դրոշներով չգան այդտեղ գիշերելու: Այս մասին այսօր` մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե ինչու հենց ընտրությունների նախօրեին Սերժ Սարգսյանը որոշեց արձագանքել ստեղծված իրավիճակին եւ արդյոք դա սովորական PR քայլ չէր, Սահակյանը պատասխանեց. « Սա ոչ մեկի վարկանիշի վրա էլ չազդեց: Նախագահ Սարգսյանը Մաշտոցի այգի այցելեց, տվեց հանձնարարական այնպիսին, որ երկու կողմերի համար էլ ընդունելի լինի:

Ի վերջո, կրպակներն օրենքից դուրս չեն եւ եթե խնդիրը երկուստեք շահավետ լուծում չստանա, հիմա էլ կրպակատերերը դրոշներով կգան այդտեղ գիշերելու, իսկ եթե դուք ասում եք, ինչու մինչ այդ նախագահը չէր այցելում, մի՞թե խնդրին ծանոթ չէր, ապա կասեմ` հիմա մի գյուղ կարող ա քանդեն, մի 10 բնապահպան հավաքվի, հիմա հանրապետության նախագահը հո չի՞ իմանալու»:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով, հարցի լուծումն ահրաժեշտ է, քանի որ իրավիճակը դուրս է եկել թույլատրելիի սահմաններից եւ հասել այնտեղ, որ բնապահպան ակտիվիստները սկսել են հարձակվել ոստիկանների վրա: