«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը մայիսի 22-ին Երևանի կենտրոնում անցկացրել է հերթական ակցիան։ Ակցիայի մասնակիցները քաղաքական մրցավազքի բոլոր մասնակիցների վրա «բոչկա են գլորել»։

Ազատության հրապարակից մեկնարկած ակցիան շարունակվել է Մեսրոպ Մաշտոցի պողոտայում։ Կուսակցության անդամները «Սարդ-մարդու» հագուստներով, բոչկա գլորելով, քայլերթ են իրականացրել պողոտայով։

Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նման ակցիաներով իրենք ցույց են տալիս գործող համակարգի հիվանդագին լինելն ու նաև կործանարար բնույթը։

«Սա ամենալուրջ քաղաքական ակցիաներից մեկն է։ Ինձ զարմացնում են մարդիկ, որոնք պնդում են, թե մենք արժեզրկում ենք իրավիճակը։ Ստացվում է, որ միմյանց հրահանգներ տալը, ձերբակալելը, հարցեր տալը՝ «ինչո՞ւ չես զոհվել պատերազմում»-ը, ավելի լուրջ քաղաքական միտք է, քան այն, ինչ անում ենք մե՞նք։ Մյուսներից տարբեր, մեր գործողությունների հետևանքով ոչ ոք չի մահանում։ Մեր ակցիաներից հետո ոչ մեկին չեն տանում և ապօրինի չեն ձերբակալում… Մենք մեզ վրա վերցրել ենք շատ մեծ բեռ։ Մենք մեր հասարակությանը ցույց ենք տալիս, թե որն է քաղաքական բովանդակությունը», - պարզաբանել է Կարապետյանցը։

Նշենք, որ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը վարում է բավական անսովոր նախընտրական քարոզարշավ՝ կազմակերպելով ոչ ստանդարտ ակցիաներ։