2021 թվականի ընտրությունների համեմատ ժողովրդի, ժողովրդի վերաբերմունքը մի երկու անգամ ավելի լավ է. այն ժամանակ այս շենքերի մոտ գալիս էինք մեկ-երկու պատուհանից հազիվ մեզ ողջունում էին, հիմա բոլոր պատուհաններից համարյա կախվում են և ողջունում են մեզ։ Այս մասին այսօր՝ մայիսի 22–ին, Նոր Նորքում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար, ՔՊ–ական Գևորգ Պապոյանը։

«Կարծում եմ, որ շատ-շատ-շատ բարձր տոկոսներ ենք հավաքելու, այդ թվում Նոր Նորքում, որովհետև ուղղակի համեմատելու չի այն ջերմության աստիճանը, որ կան 21 թվականին, երբ 54% ձայն ենք տարել և հիմա։

Դիտարկմանը, որ վարորդները բողոքում են, որ Լարսի անցակետում արդեն 45 օր կանգնած են, թույլ չեն տալիս մուտք գործել Ռուսաստան, մինչդեռ վրացական մեքենաներն անցնում են, նա ասաց. «Աշխատում ենք Ռուսաստանի գործընկերների հետ, շատ լավ աշխատանքային հարաբերություններ են, մի քանի օրվա մեջ կլուծվեն, նեխնմիկական հարցեր են։ Ընդհանուր առմամբ, բոլոր պրոբլեմների լուծման վերջին օրը հունիսի 7– ն է, հունիսի 8–ի առավոտյան, երբ ՔՊ–ն շատ բարձր տոկոսով հաստատ հաղթանակ կտանի,  բոլոր հարցերը արդեն լուծված կլինեն։ Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը, որը մեր իշխանության ժամանակ պատմական առավելագույնի է հասել, նոր ռեկորդներ է սահմանելու, արդեն իսկ նախանշվում է։

Շատ մեծ քանակի արտահանում ունենք դեպի Ռուսաստան, շատ մեծ քանակի ներմուծում ունենք Ռուսաստանից, պատճառներից մեկն էլ դա է։ Այսինքն առևտրաշրջանառությունը շատ մեծացել է, շատ մեծ քանակի զբոսաշրջիկներ են Հայաստանից գնում, Հայաստան են գալիս շատ մեծ ծավալի զբոսաշրջիկներ։ Սա տնտեսական ակտիվության արդյունք է, մնացած մանր-մունր տեխնիկական հարցերը հունիսի 8-ին լուծված են լինելու»։

Պապոյանն ընդգծեց, որ այս տարվա առաջին 4 ամսվա տվյալներով արտահանումը դեպի Եվրամիություն կրկնապատկվել է, Չինաստան արտահանումը կրկնապատկվել է. «Սա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն Ռուսաստանի հետ է շատ լավ առևտրատնտեսական հարաբերություններ զարգացնում։ Սա նշանակում է, որ Հայաստանը նաև մեկ շուկայից իր կախվածությունը նվազեցնում է»,–ասաց նա։

Պապոյանը սուտ որակեց Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե գյուղատնտեսությունը Հայաստանում անկում է ապրում. «Գյուղատնտեսությունը 25 թվականին աճել է 5.6%-ով։ Եթե չգիտես, ձևը սովորեցնում եմ, մտնում ես armstat.am, այնտեղ կա ՀՆԱ-ի աճ, բացվածքը նայում ես, գրած է, գյուղատնտեսությունը 5.6% աճել է։

Հայկական ընդդիմության որոշակի շրջանակ, որը օտարերկրյա հատուկ գործակալական ցանցի մաս է, և դա արդեն ապացուցված է, Ռուսաստանում բաժնի պետի տեղակալների մակարդակով փորձում են մեր հայ արտադրողների համար խնդիրներ ստեղծել, բայց ես ուզում եմ ասել, որ մենք շատ ավելի բարձր մակարդակում, նախարարների, փոխվարչապետերի, փոխնախարարների մակարդակում այդ հարցերը լուծում ենք և թող ոտի տակ չընկնեն այդ հակապետական տարրերը։ Ոտի տակ մի ընկեք, փաստերը կան, լուծում ենք հերթով էդ բոլոր փաստերը»։