«ՔՊ»-ի վերնախավից ընդամենը մի քանի մարդ է մնացել, որոնք երկիրը տանում են կործանման։ Այս մասին հայաստանյան լրատվամիջոցների խմբագիրների խմբի հետ հանդիպման ժամանակ հայտնել է տնային կալանքի տակ գտնվող, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները, չկարողանալով կառավարել, ստեղծել են քաոս, քանի որ քաոսը ավելի հեշտ է կառավարել, մարդիկ չեն համախմբվում, բոլորը բոլորի դեմ են։ Քաղաքական գործիչը հայտնել է, որ իշխանության գալուց հետո մտադիր չէ համատարած քաղաքական հաշվեհարդար տեսնել, քանի որ «ՔՊ»-ի վերնախավից ընդամենը 4-5 մարդ է մնացել, որոնք երկիրը տանում են կործանման, մնացածները մոլորվածներ են։ Կարապետյանը հավաստիացրել է, որ «ՔՊ»-ից նրանք, ովքեր պաշտոններ են զբաղեցնում, բայց մասնագետ են ու «մաքուր ձեռքեր» ունեն, հնարավոր է՝ շարունակեն աշխատել նույնիսկ ավելի բարձր պաշտոններում։ «Նրանք, ովքեր երկիրը հասցրել են անդունդի եզրին, շատ չեն։ Մինչև ընտրություններին հասնենք, հույս ունեմ՝ միայն Նիկոլ Փաշինյանը կմնա»,- նշել է քաղաքական գործիչը։

Ձայների փոշիացման վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Կարապետյանը նկատել է, որ իրականում կա 4 բևեռ, փոքր ուժերը միասին ունեն մոտ 2 տոկոս աջակցություն, Թաթոյանի հետ միասին՝ մի փոքր ավելի։ Նա ափսոսանք է հայտնել, որ 4-5 տոկոսը կփոշիանա, բայց ինչ արած։ Նա պարզաբանել է, որ «Ուժեղ Հայաստանը» համագործակցում է այն ուժերի հետ, որոնք իրեն չեն վնասում, և այդ պատճառով ներդրվել է նոր մոդել՝ դաշինք չստեղծել, իսկ այն ուժերը, որոնք ցանկանում են աջակցել, կարող են դա անել նաև հիմա։ «Մեր հարցումների համաձայն՝ միայն 4 ուժ կհաղթահարի շեմը։ Մնացածներն ունեն խնդիրներ, թե ինչպես կվարվեն՝ իրենց գործն է։ Մենք հույսը դնում ենք մեր ուժերի վրա»,- հայտնել է Կարապետյանը։