Երկու զբոսաշրջիկներ Մեծ Բրիտանիայից տուգանվել են 1000 ավստրալական դոլար տեղական զվարճանքների այգուց պինգվին գողանալու համար:

21-ամյա Ռիս Օուեն Ջոունսն ու 20-ամյա Քերի Մյուլսը Ուելսից խոստովանել են, որ թռչնին գողացել են Քուինսլենդ նահանգի Գոլդ-Քոսթ քաղաքի այգուց: Նրանց ձերբակալել էին ապրիլի 14-ին:

Ինչպես պարզվել է դատարանում, ուելսցիները երեկույթից հետո ներթափանցել են այգի, խմել այնտեղ, լողացել պինգվինների ավազանում, կրակմարիչի փրփուրը լցրել շնաձկան վրա, վերջում էլ բռնել Դիրկ մականունով պինգվինին եւ տարել տուն: Հաջորդ առավոտյան նրանք արթնացել են ծանր խումհարով եւ հայտնաբերել  թռչնին իրենց տանը: Նրանք իրենց արկածները նկարել էին հեռախոսով, ինչն էլ դարձել է իրեղեն ապացույց դատարանում:

Խելքի եկած բրիտանացիները պինգվինին բաց են թողել քաղաքային կոյուղի, սակայն նրանց նկատել են տեղացիները ու հայտնել ոստիկանություն: Թռչնին փրկել են եւ վերադարձրել զբոսայգի:

Փաստաբանը դատարանում պատճառաբանել է, որ ուլեսցիները չեն վնասել, կերակել եւ լողացրել են լոգարանում: Դատավորն էլ որոշել է, որ նրանք հիմարություն են արել, բայց ոչ միտումնավոր: