Երևանը պետք է որքան հնարավոր է արագ կողմնորոշվի Եվրոպական միության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ընտրության հարցում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Հաշվի առնելով այն հայտարարություններն ու այն օրենսդրությունը, որոնք այսօր ընդունվել են Հայաստանում, մենք ճիշտ կհամարեինք, եթե Հայաստանը կողմնորոշվեր ԵԱՏՄ-ի կամ ԵՄ-ի հետ կապված իր ընտրության հարցում»,- նշել է նա։

«Ոչ ոք Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս չի մղում, պարզապես իրենք են ասել, որ ցանկանում են անդամակցել ԵՄ-ին։ Պետք է կողմնորոշվել։ Որքան շուտ դա արվի, այնքան լավ կլինի բոլորի համար»,- ավելացրել է Օվերչուկը։

Փոխվարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ բոլոր պետությունների համար Հայաստանի մասնակցությունը նշանակում է նաև իրենց ներքին շուկաների բացում հայկական ապրանքների համար։ «Իսկ դա նշանակում է հայկական ապրանքների մրցակցության բարձրացում մեր ներքին շուկայում։ Սա որոշակիորեն կարող է նաև մինուս լինել մեր տնտեսությունների համար,- նշել է նա։- Հայաստանը, որպես Ռուսաստանի դաշնակից, օգտվում է արտոնություններից էներգետիկ ռեսուրսների գների ոլորտում։ Այս հարցերը պետք է քաղաքակիրթ ձևով դիտարկել, եթե հայերը որոշեն դուրս գալ ԵԱՏՄ-ից»։