Ընտրությունները տոն են, եւ ոստիկանությունը կապահովի բոլորի տոնական տրամադրությունը: Այդ մասին հայտնեց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը` մայիսի 2-ին, լրագրողների հետ  ընտրությունների վերահսկման օպերատիվ շտաբի անդամների հանդիպման ժամանակ:

«Ովքեր կփորձեն ապօրինի բան անել, խիստ կպատժվեն»,- նշել է Պողոսյանը` նկատելով, թե ոստիկանության ուժերը բավարար են ընտրությունների պատշաճ ընթացքն ապահովելու համար:

Ոստիկանության պարեկապահակային ծառայության պետի տեղակալ, գնդապետ Մեհրաբյանն էլ նշեց, թե ոստիկանությունը մեկ շաբաթ առաջ ավարտել է ոստիկանների տեղաբաշխման գործընթացը: 41 ընտրատարածքների 1985 տեղամասերում ծառայություն են տանելու 9 հազար ոստիկաններ, կան նաեւ պահեստային ուժեր` արագ արձագանքման համար:

Հունան Պողոսյանը նաեւ անդրադարձավ ոստիկանություն ստացված 34 ահազանգերին` նկատելով, որ ընտրակաշառքների բաժանման մասին միայն երկու հայտարարություն է ստացվել, այն էլ վերացական բնույթի: Անգամ այդ դեպքում ոստիկանապետի հրահանգով նյութեր են նախապատրաստվում:

Իսկ մեն-միակ քրգործը հարուցվել է Հարավ-Արեւմտյան թաղամասում Հայ ազգային կոնգրեսից պատգամավորի թեկնածուներ Գայանե Առուստամյանին եւ Բաբկեն Գարոյանին ծեծի ենթարկելու փաստով: Ի դեպ, չի բացառվում, որ քրգործը վերաորակվի եւ հարուցվի 149 հոդվածի (Ընտրությունների խոչընդոտում) հատկանիշներով, եթե նախաքննության ընթացքում նման տվյալներ ստացվեն: