Հայաստանի հանրապետությունն արդեն կայացած, ուժեղ եւ պաշտպանված երկիր է, քանի որ մեր ժողովուրդը տարիներ շարունակ իրենից կտրել, դրել է մեր անվտանգության վրա: Հրազդանում, այսօր` մայիսի 2-ին, ՀՀԿ-ի նախընտրական հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ ղեկավար, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Բոլորս միասին ապացուցել ենք, որ Արցախը եղել է, կա ու լինելու է հայկական: Ապացուցել ենք եւ ապացուցում ենք բոլորս միասին: Ապացուցում ենք Ստեփանակերտում եւ Մարալիկում, Կապանում եւ Ալավերդիում, Վանաձորում եւ, իհարկե, Հրազդանում:

Մեր երկրում ամեն տեղ՝ հենց նույն Հրազդանում, ես ունեմ մարտական ընկերներ: Նոր բացում էինք Մարմարիկի ջրամբարը եւ մեկը մոտեցավ, ասաց. «Բարեւ կամանդիր», ասացի. «Բարեւ զինվոր»: Բոլորը տեղերում, իրոք, մարտական ընկերներ ունեմ՝ թեեւ նրանցից ոմանք փոխում են իրենց սկզբունքները, Աստված իրենց հետ: Մենք մեր մարտական ընկերների թափած արյունը երբեք չենք թողնի, որ իզուր անցնի»,-ասել է նա:

«Մենք պիտի հիշենք, որ ազատամարտում հաղթել ենք, բայց պատերազմի հաղթանակը պիտի դեռ ամրագրենք՝ հաշտության պայմանագիր կնքելով: Ուստի եւ պիտի ապացուցենք մեր կյանքով ու գործով՝ ամեն վայրկյան, որ մենք արժանի ենք այդ հաղթանակին: Պիտի ապացուցեինք, որ մարտի դաշտից հետ չեկած տղերքի արյունը իզուր չի հեղվել:

Այդ հաղթանակին արժանի լինելու համար մենք ամեն վայրկյան գործով պիտի ապացուցենք, որ մեր ստեղծած պետությունը ծառայում է ժողովրդին եւ յուրաքանչյուր մարդուն»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: