Հայաստանի ոստիկանությունում մարտի 27-ից մայիսի 1-ի դրությամբ, 6411 հաղորդում է ստացվել ցուցակներում առկա անճշտությունների մասին: Այդ մասին հայտնեց փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը` մայիսի 2-ին, լրագրողների հետ ընտրությունների վերահսկման օպերատիվ շտաբի անդամների հանդիպման ժամանակ:
Ըստ Օսիկյանի, այդ տվյալներից 3952-ը ստացվել է անմիջապես ոստիկանությունում, կուսակցությունների ընտրական շտաբերից` 1072 հաղորդում, իսկ մնացած մասը հասարակական կազմակերպություններից եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների շտաբերից: Այդ հաղորդումները վերաբերել են ցուցակներում հասցեների անճշտություններին, մահացած մարդկանց գրանցված լինելու դեպքերին: Այդուհանդերձ, ոստիկանությունը գնացել է բոլոր հաղորդումների հետքերով եւ պարզել, որ ահռելի մասը չեն համապատասխանում իրականությանը:
Շուրջ 1,8 հազար դեպքերում հերքվել է, թե գրանցված մարդիկ մահացել են: Եւս 413 հաղորդւոմ ստացվել էր, որ չհաշվառված, սակայն ընտրացուցակներում գրանցված անձանց մասին, որոնք բոլորն էլ հերքվել են: 6411 հաղորդումներից միայն 23-ի դեպքում է հիմնավորված եղել անճշտությունը:
Արթուր Օսիկյանն անդրադարձավ ցուցակում առկա մոտ 53 հազար տվյալներին, երբ անձանց ծննդյան ամիսն ու օրը «զրո» է եղել: Ըստ Օսիկյանի, դրանք հայրենադարձներ են, որոնց տվյալները ժամանակին չեն պահպանվել, բայց ծննդյան թիվը կա:
«Որոշ դեպքերում միտում ենք նկատում, քանի որ ակնհայտ սուտ տեղեկություններ են տրվել ոստիկանությանը, բայց մեր օպերատիվ աշխատանքի արդյունքւմ պարզաբանվել են»,- նշեց փոխոստիկանապետը:
Ի դեպ, ոստիկանության ներկայացուցիչները զինված էին ներկայացել ասուլիսին, իրենց հետ բերել էին բազմաթիվ տեսանյութեր, որոնցով հիմնավորում էին իրենց ասածը:




























