Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը NEWS.am-ի հետ զրույցում պատասխանել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի այսօրվա կոշտ հայտարարություններին։
Խոսելով Մեդվեդևի մասին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ «Կոնկրետ Ձեր կողմից մատնանշված պաշտոնյան ժամանակ առ ժամանակ բոլորի նկատմամբ իրեն որոշակի այդպիսի խոսելաոճ է թույլ տալիս»։
«Բայց ընդհանուր առմամբ, անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններին... խնդիրներ կան բոլոր հարաբերություններում, խնդիրներ ի հայտ են գալիս։ Մենք ընդհանրապես [միտված չենք] էլ ավելի մեծ լարվածության ստեղծմանը կամ իրավիճակի սրմանը։ Այս խնդիրներից շատերը եղել են նաև անցյալում՝ 10 տարի աաժռաջ էլ, 15 տարի առաջ էլ։ Չգիտեմ, ենթադրենք՝ ծիրանի արտահանումը, գինու ներկրումը, օղու ներկրումը և այդպես շարունակ։
«Մենք կառուցողական, առողջ մթնոլորտում դա կքննարկենք մեր գործընկերների հետ, և ես հույս ունեմ, որ լավ լուծումներ կգտնենք»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը։
Արարատ Միրզոյանի խոսքով՝ հանրապետությունն իր ինքնիշխան որոշումներն է կայացնում։
«Եվ կրկնում եմ՝ մենք անփոփոխ կերպով շահագրգռված ենք Ռուսաստանի հետ նորմալ գործընկերության պահպանմամբ և զարգացմամբ։ Բայց եթե այդպիսի հարաբերություններն այս կամ այն պաշտոնյային դուր չեն գալիս, պետք է զրուցել, հասկանալ, փորձել բացատրել, թե ինչն է գործընկերային, կամ, ընդհակառակը, ոչ գործընկերային. հակառակ քայլերից մենք նույնպես չենք շահում, և կարծում եմ՝ իրենք էլ չեն շահում»,- ասել է նախարարը։
Միևնույն ժամանակ, Արարատ Միրզոյանը հերքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, թե Եվրամիությունը «Հայաստանին օգտագործում է Ռուսաստանի դեմ»։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ տարբեր երկրների հետ պահպանում և հաստատում ենք բազմաթիվ գործընկերային, այդ թվում՝ ռազմավարական հարաբերություններ։ Եվ ոչ մի՝ տեսականորեն ցանկացած երկու հարաբերություն ուղղված չէ երրորդ գործընկերոջ դեմ։ Նույնը վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությանը, մեր և Եվրոպական միության միջև ռազմավարական օրակարգի շրջանակներում գործընկերությանը։ Դրանցից և ոչ մեկն ուղղված չէ Ռուսաստանի դեմ»։
«Ընդ որում, մեր օրակարգերը հրապարակային են, փաստաթղթավորված և հանրայնացված։ Մենք տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցություն ենք իրականացնում մեր գործընկերների հետ։ Վերջին շրջանում շեշտը գերակշռողաբար դրվում է թվային օրակարգերի, արհեստական բանականության, կիբերհանցագործությունների դեմ պայքարի, տնտեսական կապերի խթանման և այլնի վրա, ինչպես նաև, օրինակ՝ Հայաստանում ժողովրդավարության դիմակայունության աջակցման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վրա։ Եթե դա ռուս գործընկերներին դուր չի գալիս, ինձ համար մի տեսակ դժվար է հասկանալ, թե ինչու։ Իսկ եթե, այնուամենայնիվ, դուր չի գալիս, երևի թե իրենք էլ պետք է ջանքեր գործադրեն մեզ հասկանալու համար»,- նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։











