Ոչ ոք իրավունք չունի սպառնալիքներով ձայն ստանալ: Այս մասին, այսօր` մայիսի 2-ին, Ազատության հրապարակում, ՀՅԴ հանրահավաքում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով, հիմա իշխանություններին այլ բան չի մնացել անել, քան անօրինական ճանապարհներով ստանալ անպաշտպան մարդկանց, այդ թվում մարզերի բնակչության ձայները:

«Նայեք, թե ում մոտ են նրանք գնում: Սկզբում գալիս էին ձեզ մոտ, հիմա` անապահով մարդկանց, թոշակառուների, նպաստառուների մոտ: Ինչու ձեզ մոտ չեն գալիս, որովհետեւ ձեզանից արդեն վախենում են: Գիտեն, որ ձայներ ձեզանից հենց այնպես չեն կարող ստանալ: Հետեւաբար, մենք պետք է ապացուցենք, որ մեր ձայնը արժեք ունի»,-հայտարարել է Հովհաննիսյանը:

«Իրավիճակը լավ չէ նաեւ մարզերում: Գնում ես գյուղ եւ ո՞վ է այնտեղ հարցեր լուծում. գյուղապետը, տեղի ջրօգտագործողների կազմակերպության պետը: Բոլորը բոլորին գիտեն եւ մարդկանց հեշտ է համոզել, խոսելով բարդությունների մասին, եթե քվեարկեն ընդդիմության օգտին»,-հայտարարել է ՀՅԴ անդամը, հավելելով. «Դուք, Երեւանի բնակիչներդ, հնարավորություն ունեք օգնության հասնել գոյւղի բնակիչներին: Եթե դուք ուզում եք, որ նրանք լավ ապրեն, վերադառնան իրենց տները եւ ապրեն արժանավայել կյանքով, քվեարկեք Դաշնակցության օգտին»,- հավելել է նա:

«Այցելում են տներն ու ասում, եթե մեր օգտին չքվեարկեք, կկտրենք ձեր սոցիալական նպաստը: Իմացեք, դա սուտ է: Ոչ ոք դա չի անի եւ իրավունք չունի անել: Իսկ եթե ինչ-որ մեկը փորձի կտրել նպաստը, մենք նրա ականջները կկտրենք»,-հայտարարել է Վահան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այս պահին Ազատության հրապարակում մեկնարկել է ՀՅԴ քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքը: ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին 3 հորիզոնականներում են Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը եւ Արծվիկ Մինասյանը:
Ելույթների ավարտից հետո համերգ է կայանալու, որը կտուի ավելի քան մեկ ժամ: