Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն իրենց եվրոպամետ անվանող ուժերին համարում է հակառուսական, ռուսատյաց և Ռուսաստանն ատող։

Facebook-ի իր էջում տարածած ուղերձում նախկին նախարարը նշել է, որ շատ փորձագետներ Հայաստանի քաղաքական դաշտը բաժանում են ռուսամետ և եվրոպամետ ուժերի։ Օսկանյանը կարծում է, որ պետք է բաժանել հայամետ ուժերի. դրանք այն ուժերն են, որոնք իրատեսորեն են գնահատում իրավիճակը և ճիշտ են կողմնորոշվում Հայաստանի շահերի հարցում՝ ներկայացնելով համապատասխան ծրագրեր։ Մյուս կողմից այն քաղաքական ուժերն են, որոնք իրենց եվրոպամետ են անվանում, բայց իրականում հակառուսական, ռուսատյաց ու ռուսական ամեն ինչն ատող ուժեր են։ Հենց այդ ուժերն են փորձում ներկայանալ եվրոպամետ ուժերի պիտակով։

Օսկանյանը հիշեցրել է, որ եվրոպամետ ուժերի գոյության համար Եվրոպայում պետք է լինի որևէ կառույց կամ գործիք, մինչդեռ այդպիսիք չկան։ Հայաստանը վաղուց ԵԽ անդամ է, ԵՄ-ի հետ հարաբերությունները սահմանվել են նախ «Արևելյան գործընկերությամբ», հետո՝ CEPA-ով. այն, ինչ կարող էր արվել, վաղուց արվել է և արվում է, դրանից ավելին ԵՄ-ն ոչինչ չի նախատեսել Հայաստանի նման երկրների հետ հարաբերությունների խորացման համար։ Ավելին, ըստ Օսկանյանի, վերջին տարիներին հետընթաց է գրանցվում։

«Այսօր ԵՄ-ի հետ հարաբերությունները ազնիվ ու անկեղծ հարաբերություններ չեն, նախկինում իսկապես այդպես է եղել։ Այսօր հետին նպատակներ կան երկու կողմից էլ. Փաշինյանի կողմից իր աթոռը պահպանելու նպատակը, ԵՄ-ի կողմից՝ Փաշինյանին, Հայաստանին օգտագործելու հակառուսական քաղաքականություն վարելու միտումը կա։ Նման հետին նպատակներով հարաբերություններում երկխոսությունը չի կարող լինել բաց, թափանցիկ ու անկեղծ, կողմերը փորձում են օգտագործել միմյանց, և դա միայն վատ արդյունք կտա»,- հայտարարել է Օսկանյանը։

Ըստ նրա, Փաշինյանը միշտ հեռու է եղել դիվանագիտությունից, առաջին իսկ օրվանից դրսևորել է դիվանագիտական անգործունակություն, ինչի արդյունքը դարձան Արցախի կորուստը, հազարավոր զոհերը, Հայաստանի տարածքների օկուպացիան։

Եթե Փաշինյանին հաջողվի մնալ իշխանության ղեկին, տարածքային կորուստները կշարունակվեն, կիրականացվի «արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը, իսկ Փաշինյանի անգործությունը հղի է պատերազմի վտանգով։ «Այս ամենը կարելի է կանգնեցնել հունիսի 7-ին՝ քվեարկելով հայամետ քաղաքականություն վարող ուժերի օգտին»,- հայտարարել է Օսկանյանը։