Հայաստանում ոչ մի այլ քաղաքական ուժ չի պաշտպանում ազգային շահերն այնպես հետեւողականորեն,. Ինչպես ՀՅԴ-ն: Այս մասին այսօր` մայիսի 2-ին, Ազատության հրապարակում ՀՅԴ ամփոփիչ հանրահավաքում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, ՀՅԴ-ն հետեւողականորեն հանդես է եկել ազգային արժեքների եւ նրանց պաշտպանության օգտին, որովհետեւ հավատում է իր ճշմարտացիությանը:

«Ուստի Դաշնակցությանը պետք չէ գնալ փոխզիջումների. լինի Թուրքիան, թե` Ադրբեջանը: Մենք ասում ենք. «Ղարաբաղը հանրապետություն է, ոչ թե` ինքնավար մարզ»: Մենք ասում ենք. «Չենք վերադարձնի ազատագրված տարածքները, քանի դեռ չեն վերադարձրել մեր օրինական հողերը»: Մենք ասում ենք. «Մի մոռացեք, որ Նախիջեւանը Հայաստանի պատմական մասն է» եւ մենք ասում ենք. «Մենք պարտավոր ենք եւ կպայքարենք Ջավախքի հայերի իրավունքների համար, նրանց մշակույթի եւ լեզվի իրավունքի իրացման համար»: Էլ ո՞վ է բացի ՀՅԴ-ից ասում դա: Ոչ ոք: Այ այստեղ էլ երեւում է, թե ով է ազգային, ով` ոչ»,- ասել է Ռուստամյանը, Ազատության հրապարակից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Քաղաքական գործչի խոսքով, որպեսզի Հայաստանն իսկապես ազատ ու ժողովրդավարական լինի, պետք է ոչ միայն փոխել այս իշխանություններին, այլեւ ձեւավորել պետական իշխանության ինստիտուտը, նախագահական կառավարման ձեւից անցում կատարել դեպի խորհրդարանական: «Մենք չենք ուզում նմանվել հեքիաթի վիշապին սպանող հերոսին, ով հետո ինքն է հրեշ դառնում: Թող նախագահական աթոռն այդպիսի գայթակղություն չստեղծի, որն ի հայտ է գալիս, երբ մեկ մարդն այդքան մեծ լիազորություններ է ստանում:

Հենց այդ պատճռով հանրապետությունը պետք է լինի խորհրդարանական, իսկ ընդդիմությանը պետք է իշխանության վերահսկման գործուն մեխանիզմներ տալ: Եթե այլ քաղաքական ուժեր խոսում են ժողովրդավարությունից, ինչու նրանք դա չեն անում»,-իր խոսքն է ամփոփել Ռուստամյանը: