Ամերիկյան Գլենդել քաղաքում, մայիսի 1-ին, տեղի ժամանակով 22:10-ին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 26-ամյա Ռայմոնդ Կարապետյանին եւ նրան ուղեկցող 23-ամյա Վերոնիկա Մադրիդին: Պատճառն այն է եղել, որ Կարապետյանը հրաժարվել է վճարել տաքսի ծառայության համար եւ սպառնացել է տաքսիստին սառը զենքով:

Ինչպես հաղորդում է Glendale News Press-ը, տաքսիստը 26-ամյա Ռայմոնդ Կարապետյանին եւ 23-ամյա Վերոնիկա Մադրիդին վերցրել է Սան Դիեգոյից եւ տեղափոխել է Գլենդել: Երբ զույգին 366 դոլարի հաշիվ է ներկայացվել, պարզվել է, որ Կարապետյանի կրեդիտ քարտը արգելափակված է:

Տղամարդը տաքսիստից գրիչ է խնդրել, ապա հետեւի կողմից բռնել է կոկորդն ու սպառնացել. «Չշարժվես, թե չէ կսպանեմ»: Վարորդը դիմադրություն ցույց չի տվել, սակայն հաջողացրել է ոստիկանություն կանչել: Զույգին կալանավորել են: