Լա՛վ, ա՛յ մարդ, ինձի բան մի սորվցրա։ Ես եղել եմ քու չափ, նոր եմ դառել էսքան։ Դու թոշակը 10 հազար դրամ ավելցրիր՝ 20 հազար թանկացան (ապրանքները)։ Այս մասին մայիսի 25-ին, Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում հայտարարել է մի թոշակառու։
Նա դժգոհել է իր կենսաթոշակի չափից, որը կազմում է 46-50 հազար դրամ, և նշել, որ այդ գումարը չի հերիքում։ Նրա գնահատմամբ՝ նվազագույն սպառողական զամբյուղը գործնականում կազմում է 120-140 հազար դրամ, ուստի նվազագույն թոշակն էլ չպետք է ցածր լինի այդ նշագծից, հավելելով, որ իրականում կենսաթոշակը կրկնակի անգամ պակաս է դրանից։
Փաշինյանը պատասխանել է, որ իշխանությունները թոշակները բարձրացրել են 10 հազար դրամով, ինչից զատ նրանք կարող են ևս 10 հազար դրամ ստանալ, եթե գնումները կատարեն անկանխիկ եղանակով։
Տղամարդը հայտարարել է, որ ողջ կյանքում վճարել է կանխիկով և այն տարիքում չէ, որ փոխվի ու անցնի անկանխիկ վճարումների։ Նա դժգոհել է աղքատությունից՝ պարզաբանելով, որ եթե իրեն չօգնեին Ռուսաստանում և Բելառուսում գտնվող երեխաները, ինքը չէր կարողանա գոյատևել միայն թոշակով։











