Մարք Էնթոնիի եւ նրա կին Ջենիֆեր Լոպեսի նախկին վարորդ, ապա նաեւ անվտանգության ծառայության պետ Հակոբ Մանուկյանը դատի է տվել աստղային զույգին, փոխհատուցում պահանջելով բարոյական ու նյութական վնասի համար:

Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, հայց ներկայացնելու պատճառը Մանուկյանին անհիմն կերպով աշխատանքից հեռացնելն է: Հակոբը 2005 թվականից եղել է Ջենիֆեր Լոպեսի անձնական վարորդը, որից հետո որոշ ժամանակ անց նշանակվել է նրա անվտանգության ծառայության պետ: Ավելի ուշ Հակոբ Մանուկյանի եւ Լոպեսի հին մենեջեր, լեգենդար ջազային թմբկահար Ահմադ «Բեննի» Մեդինայի որդու միջեւ հակասություններ են ծագել:

Բեննի Մեդինա կրտսերին դուր չէր գալիս Հակոբ Մանուկյանը եւ նա ամեն կերպ փորձել է Լոպեսին տրամադրել նրա դեմ: Բեննի Մեդինան Ջենիֆեր Լոպեսի հետ համագործակցում է 1999 թվականից եւ որոշ տվյալներով, մեծ ազդեցություն ունի նրա վրա:

Մեդինային դուր չէր եկել, որ Հակոբը մեկնաբանել էր Լոպեսի կողմից թանկարժեք օդանավ վարձակալելու փաստը: Ըստ ամենայնի, մենեջերի ջանքերը հաջողությամբ են պսակվել, քանի որ Մանուկյանին ազատել են աշխատանքից:

Մանուկյանը պնդում է, որ Ջեյ-Լոն խախտել է աշխատանքային օրենսդրությունը, քանի որ երգչուհուն որակյալ ծառայություն մատուցելու համար ինքը ստիպված է եղել փակել փոխադրումներով զբաղվող սեփական ընկերությունը:

Նշվում է, որ Հակոբ Մանուկյանը անվտանգության ծառայության պետի պաշտոնում ստացել է տարեկան 200 հազար դոլար: