Եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրմամբ Հայաստանի իշխանությունները հող են նախապատրաստում Ռուսաստանում աշխատող արտագնա աշխատողների նկատմամբ հարկեր սահմանելու համար։ Այս մասին Վայքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Քաղաքական գործիչն ընդգծել է նման մոտեցման անթույլատրելիությունը և ընդհանուր առմամբ համատարած հայտարարագրումն ավելորդ է համարում։ Հիշեցնենք, որ իշխանությունները փորձում էին համակարգը ներդնել այս տարի, սակայն հետաձգեցին նույնականացման քարտերի հետ կապված խնդիրների պատճառով։ Քոչարյանը խոստացել է ընդհանրապես չեղարկել համատարած հայտարարագրումը։

«Իշխանությունների ամբողջ նպատակն է իմանալ, թե ով որքան է ստանում Ռուսաստանից, և հետո հարկել։ Դա եկամուտ չէ, այնտեղ ամեն ինչ արդեն վճարված է։ Այս ի՞նչ կրկնակի հարկեր են։ Մենք դա չենք անելու», — նշել է Քոչարյանը։ Նա հիշեցրել է, որ իր նախագահության 10 տարիների ընթացքում չեն փոխվել ո՛չ հարկերը, ո՛չ մաքսատուրքերը։ «Եվ պարտք էլ չենք վերցրել։ Հիմա ինչ կառուցում են՝ պարտքով է։ Մենք վերականգնեցինք աղետի գոտին՝ առանց մի ցենտ անգամ պարտք վերցնելու», — ընդգծել է քաղաքական գործիչը։

Միևնույն ժամանակ, նա զանգվածային լրատվամիջոցներին առաջարկել է հետաքննություն անցկացնել և պարզել, թե որքան է ծախսվում կառավարական ամառանոցի պահպանման և Փաշինյանի անվտանգության ապահովման վրա։ Քոչարյանի խոսքով՝ ծախսերը բազմապատկվել են՝ աճելով 5-10 անգամ։ «18-20 մեքենայից բաղկացած շարասյուն, ո՞վ է նման բան տեսել։ Բարձրացրել են հարկերն ու տուգանքները՝ այս ամենն իրենց պարգևավճարների, սեփական հաճույքի համար։ Ճամփորդությունների ժամանակ ինքնաթիռով վարսահարդարներ ու ոճաբաններ էին տանում։ Գլխիդ ինչքա՞ն մազ կա, որ անպայման վարսահարդար տանես։ Նման բան երբեք չի եղել։ Լավ վիճակում գտնվող ամառանոցի վերանորոգման վրա 2 միլիոն դոլար են ծախսել։ Ամոթ է։ Բայց իրենք ամոթի զգացում չունեն», — եզրափակել է Քոչարյանը։