Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործն ուժային կառույցները կրկին սկսել են «փորփրել»: Հատկապես ԱԺ ընտրությունների ավարտից հետո գործը լայն թափ է ստանալու: Հիշեցնենք, որ գործը հարուցվել է կենսաթոշակների յուրացման եւ պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերով:

Թերթը զրուցեց Խաչիկյանի հետ՝ պարզելու համար՝ նրան դատախազությունից կամ ոստիկանությունից կրկին հրավիրել են, թե ոչ: «Ոչ, Ձեր տեղեկությունը ճիշտ չէ»,-կտրուկ պատասխանեց Խաչիկյանը:

Ու քանի որ նա վերջին շրջանում կուսակցական աշխատանքներում առանձնապես ակտիվություն չի ցուցաբերում՝ իր հայրենի Ախթալայի հարեւանությամբ գտնվող Ալավերդի քաղաքում չի մասնակցել Սերժ Սարգսյանի հետ ընտրողների հանդիպմանը, հետաքրքրվեցինք, թե ինչու չի աշխատում ՀՀԿ-ի համար:

«ՀՀԿ-ի քարոզարշավին մի մարդ է մասնակցում՝ հանրապետության նախագահը, պիտի պարտադիր հեռուստատեսությամբ երեւա՞ս, ես Հանրապետականի համար ձայն եմ տալու եւ իմ հարազատներին հորդորելու եմ՝ ՀՀԿ-ին ձայն տան, էսքանը»,-ասաց Խաչիկյանը: