Թերթը հարցազրույց է վերցրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից: Ներկայացնում ենք մի հատված զրույցից.


«- Պարոն Մարգարյան,  Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման հարցի առնչությամբ ՀՀ նախագահի հորդորը չի՞ խոչընդոտի Ձեր կողմից ընդունած որոշումների ազատ իրականացմանը:

- Ես բարձր եմ գնահատում ՀՀ նախագահի դիտարկումը: Մենք միասին այցելեցինք Մաշտոցի պուրակ ու համատեղ քննարկեցինք ե'ւ կրպակների ապամոնտաժման, ե'ւ պուրակի հետագա  բարեկարգման հարցերը: Ես բազմիցս հայտարարել եմ, որ այդ կրպակները պուրակում կտեղակայվեն ժամանակավորապես, որից հետո դրանք կհանվեն: Քաղաքապետարանի համապատասխան որոշմամբ կրպակները կապամոնտաժվեն, եւ Դուք կհամոզվեք, որ այդ որոշմանն իրոք կհաջորդեն ապամոնտաժման աշխատանքները:

- Պարոն քաղաքապետ, ի՞նչ ճակատագիր է սպասվում թեեւ օրինական, սակայն բակային տարածքները զավթած ավտոտնակներին, որոնց ապամոնտաժման խնդրով քաղաքապետարան դիմած բնակիչների բողոքները մնում են անպատասխան։

- Բակերում ավտոտնակների տեղակայումը ժամանակավոր բնույթ է կրում։ Որպեսզի զերծ մնանք սեփականատերերի իրավունքներին առնչվող խնդիրներից, ապա ժամկետները լրանալուց հետո կմտածենք նաեւ այդ մասին։ Սակայն հարկ եմ համարում նշել, որ բակերում բնակիչների դիմում- բողոքների հիման վրա քաղաքապետարանը մերժել է որոշ անհատների կողմից նոր կառույցներ իրականացնելու թույլտվությունը»,- գրում է «Հայացք» թերթը: