Թերթի հետ զրույցում, անդրադառնալով այս ընտրությունների առանձնահատկություններին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, «ժառանգություն» - «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների նախընտրական շտաբի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը մասնավորապես նշել է.

«Հայաստանի նորանկախ պետության ամբողջ քաղաքական պատմության ընթացքում առաջին անգամ կոալիցիոն ուժերից մեկը` ԲՀԿ-ն, փորձեց ներկայանալ ընդդիմության դաշտում` որպես ընդդիմադիր, ու իմ խորին համոզմամբ, դա փորձ է ընդամենը, որովհետեւ մայիսի 6-ից հետո մենք ականատես կլինենք այլ պրոցեսի:

- Բայց դա արվեց նաեւ ընդդիմության որոշ ներկայացուցիչների թեթեւ ձեռքով:

- Անշուշտ, ինձ համար նաեւ շատ զարմանալի է, որ ՀԱԿ-ի իմ ընկերների լռությամբ կամ աջակցությամբ տեղի ունեցավ այդ գործընթացը:

Միգուցե իրենց տպավորությամբ  քաղաքական առումով այդ գործընթացը հանրության լայն շերտերին հասկանալի չէր, բայց ես վստահ եմ, որ շատերը հասկացան, թե ինչ տեղի ունեցավ, եւ իրենց իսկ լեզվով, մասնավորապես, ՀՅԴ ներկայացուցչի բնութագրմամբ, տեղի ունեցավ բյուրեղացում: Ես իրոք կարծում եմ, որ տեղի ունեցավ այդ բյուրեղացումը, եղավ թե' աշխարհաքաղաքական առումով, թե' զուտ մոտեցումների առումով... »,- գրում է «Ժամանակ» թերթը: