SpaceX ընկերության արտադրած  Dragon առաջին մասնավոր տիեզերանավի ուղարկումը Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ), որն ավելի վաղ նախատեսվել էր այս տարվա մայիսի 7-ին, անորոշ ժամկետով հետաձգվել է: Պատճառ է նշվում ծրագրային ապահովվածության լրացուցիչ ստուգումների անցկացումը:

SpaceX ընկերությունը Dragon-ի առաջին գործարկումն իրականացրել է 2010թ. դեկտեմբերին: Երկրորդը, որի ընթացքում ծրագրվում էր այն մոտեցնել ՄՏԿ-ին, նշանակված էր 2012թ. փետրվարի 7-ին: Սակայն հունվարին ընկերությունը հայտարարել էր, որ լրացուցիչ ժամանակի կարիք է զգում եւ հետաձգել էր: Այնուհետեւ նշվում էր, որ նավը ՄՏԿ կուղեւորվի մարտի 20-ից ոչ շուտ, հետո` ապրիլի վերջին, հետո էլ` մայիսի 7-ին, հաղորդում է gazeta.ru-ն:

2006թ.-ից NASA-ն իրականացնում է  Commercial Orbital Transportation Services (COTS) ծրագիրը, որի շրջանակում ընդլայնվում են տիեզերանավերի ստեղծման գործում մասնավոր ընկերությունների ջանքերը: Ծրագրի շրջանակում ամերիկյան տիեզերական գործակալությունը SpaceX-ին 396 միլիոն դոլար կվճարի, իսկ մյուս ընկերությանը` Orbital Sciences Corporation-ին` 288 միլիոն: Ներկա պահին SpaceX-ն արդեն 376միլիոն է ստացել, իսկ Orbital - ը` 261,5 միլիոն դոլար:

Մայիսի 1-ին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են Falcon 9 հրթիռակիրը, որը Dragon-ը պետք է հասցնի ՄՏԿ: