Երևանում կայանալիք զինվորական շքերթին մենք կցուցադրենք զենք, որի 90%-ը ձեռք է բերվել 2022 թվականից հետո։ Այս մասին մայիսի 26-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Նրա խոսքով՝ այս զենքի գնումը հնարավոր է դարձել 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

Փաշինյանը կրկնել է, որ Հայաստանը միայն 2023 թվականին է առաջին անգամ զինվել գործարանային արտադրության «Դ-30» հաուբիցով, որը բանակի հրետանու հիմնասյունն է։ Նա հայտնել է, որ այս զինատեսակը նույնպես կցուցադրվի շքերթի ժամանակ։

«Ինչո՞ւ մենք նույն բանակը չունեինք, օրինակ, 2021-ին, 2020-ին կամ 2019-ին։ Կար երկու պատճառ։ Պատճառն այն է, որ միջազգային շուկան մեզ զենք չի վաճառել, ասել է, որ ՀԱՊԿ անդամ եք, չենք կարող այս տեխնոլոգիաները վստահել ձեզ, քանի որ կարող են կազմակերպության ներսում փոխանցել։ Բայց ամենակարևոր պատճառն այն է եղել, որ ասել են՝ «ոչ միայն համոզվածություն չունենք, որ այս զենքերը չեք օգտագործի ձեր՝ միջազգայնորեն ճանաչված սահմանից դուրս, այլև համոզված ենք, որ օգտագործելու եք»», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահեցրել է, որ իշխանություններն ի սկզբանե չէին ցանկանում շքերթ անցկացնել, սակայն գնացել են այդ քայլին՝ իր ձևակերպմամբ՝ այն բազմաթիվ բամբասանքների ֆոնին, թե իրենք քանդել են բանակը։ Վարչապետը նաև պնդել է, թե իշխանությունները ոչ թե քանդել են բանակը, այլ մի կողմ են դրել «բանակ կոչվող փլատակները և զրոյից բանակ ստեղծել»։