ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Չինաստանին կոչ է արել ճնշում գործադրել Իրանի, Սիրիայի եւ ԿԺԴՀ-ի վրա: Նա նշել է, որ ակնկալում է Չինաստանի օգնությունը իրանական միջուկային ճգնաժամը եւ այլ խնդիրներ լուծելիս: Հիշեցնենք, որ Քլինթոնը մայիսի 2-ին ժամանել է Չինաստան`առեւտրի եւ անվտանգության հարցեր քննարկելու:
Նրա խոսքով, Վաշինգթոնն ու Պեկինը «համամիտ են, որ հարկավոր է կանխել Իրանի միջուկային զենքի ստացումը»: Այդ պատճառով չափազանց կարեւոր է Թեհրանի վրա ճնշում գործադրելը, որպեսզի վերջինս կատարի իր միջազգային պարտավորությունները, լուրջ վերաբերի միջազգային կառույցների հետ բանակցություններին եւ միջազգային հանրությանն ապացուցի, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթի է, հաղորդում է «Ռոսբալտը» ` հղում անելով Reuters-ին:
Բացի այդ, հավելել է պետքարտուղարը, կողմերը պետք է համատեղ աշխատեն հյուսիսկորեական խնդրի լուծման ուղղությամբ:
Քլինթոնը նաեւ չինական իշխանություններին կոչ է արել ազդել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի ընդդիմադիր ուժերի հանդեպ զինված ճնշումները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պեկինը կտրականապես դեմ է Սիրիայում իշխանափոխության հասնելու համար արտաքին միջամտությանը: ՉԺՀ-ի ԱԳ փոխնախարար Չեն Գուպինի խոսքով` Հյուսիսային Կորեայի եւ Սիրիայի իրավիճակի հարցում Ռուսաստանի եւ Չինաստանի դիրքորոշումները 100%-ով համընկնում են:




























