Մայիսի 26-ին՝ ժամը 12։05-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդով փողոցի շենքերից մեկում այրվում է բնակարան։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել՝ 13։18-ին։

Shamshyan.com–ի փոխանցմամբ, հրդեհը բռնկվել է Մամիկոնյանց 44/4 էլիտար կառուցվող բազմահարկ շենքում։ Մինչ հրշեջների ժամանումը՝ չբնակեցված էլիտար շենքի հարկերում առաջացած կրակի դեմ պայքարել են աշխատակիցները, ապա ժամանած հրշեջներին շնորհիվ կանխվել է կրակի տարածումը։

Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տարածքը գազաֆիկացված չէ։ Իսկ ըստ ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված տեղեկությունների՝ կրակն առաջացել է 3 կիլոգրամանոց գազաբալոնից։

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Կայքի տեղեկություններով՝ կառուցապատողը «Օրդ Դեվելո» ընկերությունն է։