Այսօր` մայիսի 3-ին, ժամը 01.35-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, կան զոհեր:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գորիսից դեպքի վայր է մեկնել 4 հրշեջ-փրկարար:
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի S 9387 համարանիշի եւ «ԿրԱԶ» մակնիշի 386 ՏՍ 54 համարանիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` ԼՂՀ Վերին Ճարտար գյուղի բնակիչ, 45-ամյա Ժիրայր Սարգսյանը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները զոհված Ժ. Սարգսյանին, ուղեւորներ` 24-ամյա Արթուր Մկրտչյանին եւ 22-ամյա Գոռ Հովհաննիսյանին դուրս են բերել ավտոմեքենայից եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:
Մինչեւ հրշեջ-փրկարարների ժամանումը` «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ` 23-ամյա Արման Խաչատրյանը, 23-ամյա Արթուր Ավանեսյանը, 23-ամյա Արտակ Սեդրակյանը եւ 22-ամյա Շիրակ Հարությունյանը տեղի ուժերով տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց:
Ա. Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է:


























