Պաղեստինյան ՖԱԹՀ շարժման Կենտրոնական հանձնաժողովի անդամ Ազզամ ալ-Ահմադը եւ իսլամական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Հալեդ Մաշահալը Կահիրեում քննարկել են ազգային միասնության կառավարության ձեւավորման հարցեր:
Ինչպես հաղորդում է եգիպտական տեղեկատվական ՄԵՆԱ գործակալությունը, ՖԱԹՀ-ի ներկայացուցիչը պնդել է, որ ՀԱՄԱՍ-ի իշխանությունները թույլատրեն Գազայի հատվածում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը, մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: ՀԱՄԱՍ-ը պահանջում է խորհրդակցություններ սկսել միասնական կառավարության ստեղծման համար` շրջանցելով Գազայում ԿԸՀ-ի աշխատանքների լուծման հարցը:
Պաղեստինյան ՖԱԹՀ շարժումը եւ ՀԱՄԱՍ-ը 4 տարվա թշնամությունից հետո 2011 թվականի մայիսի 4-ին Կահիրեում հաշտության համաձայնագիր էին ստորագրել: ՖԱԹՀ-ի եւ Պաղեստինյան ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասը եւ ՀԱՄԱՍ-ի ղեկավար Հալեդ Մաշահալը 2012 թվականի փետրվարի 6-ին Դոհայում պայմանավորվել էին նոր անցումային կառավարության ձեւավորման մասին, որը պետք է գլխավորի Աբբասը: Հաշտության համաձայնագրի գործողությունը դադարեցվել էր ԱԱԽ-ի կաբինետների ձեւավորման տարաձայնությունների, ինչպես նաեւ կալանավորներին ազատելու հարցի պատճառով:




























