TRIPP-ը ԱՄՆ ծրագիրն է ՀՀ–ում Թուրքիայի և Ադրբեջանի համար, քանի որ առաջարկվող մոդելով այն Հայաստանին գրեթե ոչինչ չի տալիս։ Այս մասին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը գլխավորում է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը
Նա պարզաբանել է, որ որպեսզի այս նախագիծը որևէ օգուտ տա Հայաստանին, անհրաժեշտ է երաշխիք, որ երկաթգիծը հասնելու է մինչև Երասխ, մինչդեռ ստորագրված փաստաթղթերում նման դրույթ չկա, կան միայն ընդհանուր ձևակերպումներ։
Քոչարյանը վստահություն է հայտնել, որ «TRIPP» նախագիծն ունենալու է միջանցքային տրամաբանություն՝ հիշեցնելով միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի ամենաբարձր մակարդակի հայտարարությունները, թեև Հայաստանի իշխանությունները հերքում են դա։ Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի հայտարարությունները հաճախ ճիշտ են դուրս գալիս, իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ ոչ։ «Երբ ասում են, թե ադրբեջանցիները չեն տեսնելու հայ սահմանապահներին, դա նշանակում է, որ արդեն իսկ կա խնդիր, որը ցանկանում են թաքցնել հայ հանրությունից»,- ընդգծել է Հայաստանի երկրորդ նախագահը։
Նրա կարծիքով՝ այս նախագծում ԱՄՆ-ի շահերը հանգում են Իրանի հետ սահմանին ներկայություն ապահովելուն։ Նա հավելել է, որ նման տեսանկյունից դա խնդրահարույց է, հատկապես, երբ Հայաստանի մասնաբաժինը կազմում է 26%, իսկ տարանցման վճարներն այդ համամասնությամբ ընդհանրապես արժեք չունեն։
Որպես լուծում՝ երկրորդ նախագահն առաջարկել է ընդլայնել նախագծի մասշտաբները և երկաթգիծը հասցնել մինչև Երասխ, ինչպես նաև ապահովել դրանում ոչ միայն ԱՄՆ-ի, այլև այնպիսի այլ երկրների մասնակցությունը, որոնց Իրանը վստահում է։ «Հակառակ դեպքում սա խնդրահարույց նախագիծ է՝ աշխարհաքաղաքական շահերի բախման տեսանկյունից։ Եթե փոփոխություններ չլինեն, մենք Իրանի հետ լուրջ խնդիրներ ենք ունենալու, ես դրանում չեմ կասկածում։ Կա նաև այլ տարբերակ. ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները կառուցել սեփական ուժերով, այդ դեպքում ճանապարհը կգործի առանց աշխարհաքաղաքական բաղադրիչների։ Իսկ առաջարկվող տարբերակով ճանապարհն անպայմանորեն լարվածություն է ստեղծելու Հայաստանի և Իրանի միջև, որն այսօր պատերազմական վիճակում է գտնվում ԱՄՆ-ի հետ»,- ընդգծել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Ընդդիմադիր գործչի գնահատմամբ՝ Հայաստանի սահմաններին ամերիկացիների հայտնվելու դեպքում Իսլամական Հանրապետությունը կարող է փակել սահմանը՝ հայտարարելով, որ Հայաստանն իրեն այլևս չի հետաքրքրում։
Քոչարյանը նշել է, որ Իրանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Հայաստանի մասնաբաժինը կազմում է ընդամենը 0,2-0,3%, ուստի Իրանում նույնիսկ չեն նկատի այդ փոփոխությունները։ Մինչդեռ Հայաստանի համար սա ոչ միայն Իրանի հետ սահման է, այլև ԱՄԷ-ի (Արաբական Միացյալ Էմիրություններ) հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորություն։ Այսօր Հայաստանը բավականին մեծ առևտրային ծավալներ ունի Իրանի հետ, որը նաև հնարավորություն է տալիս նրան մուտք գործել դեպի Հնդկական օվկիանոս։
«43 կմ երկարությամբ ճանապարհի տարանցման պատճառով այս ամենը վտանգի տակ դնելու մտադրությունը հեռու է ռացիոնալությունից։ Մինչ «TRIPP»-ի իրականացմանն անցնելը, անհրաժեշտ էր բանակցություններ վարել Իրանի հետ, հասկանալ նաև նրա դիրքորոշումը և գնահատել հնարավոր հետևանքները։ Այսօր Իրանի ղեկավարությունը փոխվել է և իր շահերի պաշտպանության հարցում էլ ավելի վճռական է տրամադրված, քան նախորդը։ Այս լույսի ներքո՝ պետք է կոնկրետ քայլերով համոզել Իրանին, որ նախագիծն ուղղված չէ իր դեմ»,- հավելել է երկրորդ նախագահը։
Նրա խոսքով՝ եթե այսօր Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համատեղ նախագծեր են քննարկում Արկտիկայում, ապա բանակցությունների միջոցով Հայաստանի իշխանությունները կարող էին փորձել նրանց ներգրավել նաև «TRIPP» նախագծում։ «Բայց եթե իշխանությունները չեն էլ փորձել աշխատել այդ ուղղությամբ, ապա ինչո՞ւ են ի սկզբանե որոշել, թե դա անհնար է»,- հարցադրում արեց նա։
Քոչարյանը նշել է, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր էր բանակցություններ վարել և հիշեցնել, որ Պարսից ծոցի երկրները, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաները, հայտնվել են Իրանի հարվածի տակ՝ առաջարկելով քայլեր ձեռնարկել ռիսկերի նվազեցման ուղղությամբ՝ հաշվի առնելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև պատերազմի ֆոնին առաջացած նոր հանգամանքները։
Նա պարզաբանել է, որ Չինաստանը նույնպես կարող էր դառնալ «TRIPP» նախագծի մասնակից։











