Կոսովոյի ազատագրության բանակի (ԿԱԲ) նախկին դաշտային հրամանատար Ֆաթմիր Լիմայը եւ նրա երեք աջակիցները, ովքեր մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ, ամբողությամբ անմեղ են ճանաչվել Պրիշտինայի դատարանի կողմից: BBC-ի փոխանցմամբ, դատարանում աշխատել են Եվրամիության հատուկ առաքելության ներկայացուցիչները:
Ըստ Associated Press-ի, Լիմայի եւ նրա համախոհների նկատմամբ մեղադրանքն առաջադրել է Կոսովոյում հատուկ եվրոպական առաքելության դատախազը: Նախկին գրոհայինները մեղադրվում էին 1998-1999 թվականներին պատերազմի ժամանակ սերբ գերիներին կտտանքների ենթարկելու եւ սպանելու մեջ: Reuters-ի փոխանցմամբ, մեղադրյալների զոհեր են եղել նաեւ էթնիկ ալբանացիները:
Ավելի վաղ Լիմայի գործը քննել է Նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային տրիբունալը, որը 2005-ին նույնպես Լիմային անմեղ է ճանաչել: Մեղադրանքի համար հիմք են հանդիսացել Կոսովոյի բանտի նախկին պահապան Ագիմ Զոգայի ցուցմունքներն ու օրագրի գրառումները, հաղորդում է KM.RU-ն:
Վկաների պաշտպանության ծրագրի շրջանակում, ԵՄ-ի առաքելությունը Զոգային ուղարկել է Գերմանիա: Նրա ընտանիքի անդամների փոխանցմամբ, Կոսովոյից հեռանալիս նա բազմաթիվ սպառնալիքներ է ստացել անհայտ անձանցից: 2011-ի սեպտեմբերին Զոգային կախված են գտել գերմանական այգում: Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ նա ինքնասպան է եղել:




























